Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության, Փաշինյանը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների այցը, անդրադարձել է մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող կարևոր փոփոխություններին և ընդգծել՝ ժողովրդավարությունը հայ հասարակության հավատամքն է, արժեքային համակարգը, Հայաստանը շարունակելու է այն հզորացնելու ուղղությամբ բարեփոխումները, և միջազգային գործընկերների աջակցությունը կնպաստի այդ օրակարգի արագ և հաջող ընթացքին:
Վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և այս ուղղությամբ հայ-ամերիկյան գործակցության խորացման շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ՄԶԳ կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող տեխնիկական աջակցության շարունակման հարցերին: