Կառավարությունը որոշեց Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացել
Հայաստանի կառավարությունը այսօր՝ սեպտեմբերի 19-ի իր նիստում որոշում կայացրեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծել (նստավայրը՝ Թել Ավիվ):
«Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը, և այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն: Դեսպանություն հիմնելը միտված է նաև պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմա-մշակութային ժառանգության, Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը»,- իր ելույթի ժամանակ այսպես հիմնավորեց դեսպանատան բացումը Արտաքին գործերի նախարար զոհրաբ Մնացականյանը:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց, թե արդյոք Իսրայելն էլ իր հերթին մտադի՞ր է դեսպանություն բացել Հայաստանում, ԱԳ նախարարը պատասխանեց. «Դա մեր երկխոսության օրակարգում է: Մենք մեր քայլերը չենք պայմանավորելու Իսրայելի կողմից ՀՀ-ում դեսպանություն բացելու հանգամանքով, բայց դա եղել և մնում է մեր օրակարգում»:
ԱԳՆ առաջարկը կառավարության նիստում միաձայն ընդունվեց: