Վեդիում 29-ամյա ծննդկանի ու նորածնի մահվան գործով փորձաքննությունների արդյունքները դեռ չկան
Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը 29-ամյա ծննդկանի ու նորածնի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Այս պահին նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ դեպքը գրանցվել էր օգոստոսի 2-ին։ ժամը 07:55-ին, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել այն մասին, որ օգոստոսի 1-ին իրենց մոտ է ընդունվել Վեդի քաղաքի բնակչուհի՝ ծնված 1990 թվականին, ով գտնվել է հղիության 9-րդ ամսում: օգոստոսի 1-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, պտուղը ծնվել է մահացած վիճակում, իսկ ծննդկանը օգոստոսի 2-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, մահացել է վիրահատությունից հետո:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ծննդկանի և նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ։
Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»։