Մենք որևէ փաստ չունենք. Օսիպյանը` Վլադիմիր Գասպարյանի սիգի բիզնեսի մասին
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվան հետ կապված լուրերի առնչությամբ հստակ մեկնաբանություններ չտվեց:
Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ո'չ հերքեց, ո'չ հաստատեց Փաստերի ստուգման հարթակի (Fip) լուրը: Վերջինս գրել էր, որ Հայաստանում պահածոյացված սիգ արտադրող ընկերություններից մեկը «Գալիլիա» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը եւ հիմնադիրը, ըստ հրապարակման, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է՝ Հեղուշ Գալստյանը: Բնապահպանության նախարարի հրամանով` 2006 թվականից Սևանա լճում սիգի որսն արգելված է, մինչդեռ Հայաստանում պահածոյացված սիգի արտադրությունը չի սահմանափակվում միայն հայկական շուկայում սպառմամբ։ Սիգի պահածոները լայնորեն արտահանվում են` Ռուսաստանից մինչև ԱՄՆ։
Այս տեղեկության հետ կապված` Վալերիյ Օսիպյանն ասաց. «Ինչ կապված է նախկին ոստիկանապետի առնչությանը, մենք որևէ փաստ չունենք: Իրականացնում ենք համապատասխան ուսումնասիրություններ, նաև տեղեկացված ենք, որ նախաքննության մարմինը վարույթ է իրականացնում այդ մասով»: