Խայտառակություն Հաղպատի վանքում. Սուրբ Նշան եկեղեցու ներսում գործում է փոքրիկ «առևտրի կենտրոն» (լուսանկարներ)
Հայաստանում տեղի ունեցած ինչ-ինչ փոփոխությունների ֆոնին ոչինչ չփոխվեց մշակույթի ոլորտում: Նոր իշխանությունները գործնականում ոչինչ էլ չեն անում: Եթե ինչ-որ բան ցանկանային անել, ապա առաջին հերթին հսկողություն կսահմանեին Օպերայի տարածքում և թույլ չէին տա, որ տգետ ու վանդալ երիտասարդները խզբզեին ու այլանդակությունններ գրեին Օպերայի դիմաց տեղադրված Թումանյանի ու Սպենդիարյանի արձանների վրա:
Եթե մայրաքաղաքի թիվ 1 մշակութային օջախը չի վերահսկվում, ապա անիմաստ է խոսել արդեն մարզերում գտնվող եկեղեցիների կամ մշակութային այլ շինությունների մասին: Սակայն իրականում մարզերում գործում է մեկ այլ խայտառակություն, որի մասին վերջերս համացանցում բարձրաձայնում են ինչ-ինչ մտահոգ օգտատերեր: Մասնավորապես վերջին օրերին համացանցում լուսանկարներ են հրապարակվում այն մասին, որ մի շարք եկեղեցիների մուտքում կա ցուցանակ, որով արգելվում է վառել դրսից բերված մոմ:
Առաջին հայացքից անտրամաբանական է թվում, թե ինչո՞ւ պետք է արգելվի վառել դրսից բերված մոմը, սակայն երբ ներս ես մտնում ու եկեղեցու ներսում տեսնում ես առևտրական տաղավարը, որտեղ մոմ են վաճառում, հասկանում ես ամբողջ տրամաբանությունը: Նախ պետք է նշել, որ շատ դժվար է գտնել Հայաստանում եկեղեցի, որը ներսում չունի մոմավաճառության տաղավար: Սակայն պատկերը ավելի սարսափելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ համարվող Հաղպատի վանքում: Վանքը համարվում է մեր զբոսաշրջության ամենագլխավոր վայրերրց մեկը, որտեղ գալիս են մեծ թվով արտասահմանցիներ: Եվ ներս մտնելով Վանքի Սուրբ Նշան եկեղեցին՝ տեսնում ես, որ եկեղեցու ներսում գործում է, մեղմ ասած, «փոքրիկ առևտրի կենտրոն», որն ունի իր վաճառողուհին:
Ցավալի է, որ ներս մտնելով այդ շքեղ եկեղեցին՝ առաջինը աչք է ծակում այդ «առևտրի տունը»: Մի՞թե չի կարելի մոմերը վաճառել եկեղեցու բակում, որտեղ կան մեծ թվով տաղավարներ ու իրենց ձեռքի աշխատանքներն են վաճառում տարածքի բնակիչները: Տեսականորեն դա նույնպես ծիծաղելի է, բայց գոնե չարյաց փոքրագույնն է: Մի՞թե վանք եկող բարձրաստիճան հոգևորականները երբևէ չեն տեսել այդ խայտառակությունը: Ստացվում է, որ կամ չեն տեսել, կամ չեն գալիս, կամ էլ լավ քաջատեղյակ են այդ ամենից:
Ու տեսականորեն շատ բարկանալ պետք չէ, քանի որ Օպերայի բակը, որտեղ թաղված է Ալեքսանդր Սպենդիարյանը, դարձել է «Լունապարկ», Հանրապետության հրապարակը՝ քաղցր բամբակ ու խաղալիքներ վաճառելու վայր և այս դեպքում միգուցե նորմալ է, որ Հաղպատի վանքում կա այդպիսի մեծ առևտրի տաղավար: Այս դեպքում մնում է միայն հիշել Քրիստոսին, ով տաճարը մաքրում էր առևտրականներից, ովքեր այն վերածել էին «ավազակների» որջի: