Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ․ Արամ Վարդևանյանը՝ Վահե Գրիգորյանի նամակի մասին
«Ես ուսումնասիրել եմ պարոն Գրիգորյանի նամակը: Երբ մենք խոսում ենք սահմանադրական ճգնաժամի մասին, չեք պատկերացնում՝ ապացուցման ինչ ստանդարտ է դա ենթադրում, այսինքն՝ ինչեր պետք է ներկայացնի անձը»: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի նամակին։
Նա նկատեց, որ Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, ինչպես նշել է Վահե Գրիգորյանն իր նամակում, ուստի որևէ ճգնաժամից դուրս գալու ելքերի մասին էլ խոսելն ավելորդ է։
«Նամակում ներկայացվում է անդամ-դատավոր բառախաղը և ներկայացվում է Սահմանադրական դատարանի անդամի, այնուհետև դատավորի երդման տեքստերը: Եթե ՀՀ-ում ՍԴ դատավորի երդման տեքստը լիներ սահմանադրական պահանջ, նորմ, ես կփորձեի դա ընկալել: Բայց դա օրենքով սահմանված որոշակի գործառույթ է և ՍԴ-ի երդման տեքստով չէ, որ իրենց գործառույթն է գնահատվում կամ իրացվում, այլ իրենց լիազորությունների և պարտականությունների տիրույթում է գնահատվում»,- ասում է Վարդևանյանն ու իրավիճակը նույնացնում 1995-2015 թթ.-ի հետ։
Նա նկատում է, որ Սահմանադրությունը հստակ կանոնակարգում է ՍԴ անդամների պաշտոնավարման ձևն ու կարգավիճակը։ «2018 թ. ապրիլի 9-ից հետո մենք չունենք ՍԴ անդամներ, մենք ունենք ՍԴ դատավորներ: Այստեղ բարդ բան չկա, ամեն ինչ չափազանց պարզ էր»: