Ես, փեսաս, տղաս ու թավշյա հեռացումը
Սասուն Միքայելյանն, ով հենց այնպես չքայլեց Նիկոլ Փաշինյանի հետ ու այդ քայի արդյունքում որդուն դարձրեց Հրազդանի քաղաքապետ, ինքը դարձավ ԵԿՄ նախագահ ու պատգամավոր, չափազանց թանկ է գնահատում իր քայլն ու որոշել է նաև աղջկա նշանածին կարգել մի լուրջ պաշտոնի։
Իհարկե, Միքայելյանի դստեր նշանած Վասակ Վարդանյանն անաշխատանք չի մնացել, աները լուծել է այդ հարցն ու նրան դարձրել Կոտայքի փոխմարզպետ` չգիտես, թե ո՞ր արժանիքի համար, սակայն, պարզվում է՝ դա բավարար չէ։
Այժմ պետք է «գծերից դուրս մղել» Կոտայքի մարզպետին ու նրա տեղն այդ պոստում կարգել իր ապագա փեսային։
Այս նպատակին հասնելու համար Սասուն Միքայելյանն օգտագործում է բոլոր միջոցները՝ արդարացված և ոչ։
Միքայելյանն այդ ճանապարհին ծաղրում է, հիշում անեկդոտներ, Կոտայքի մարզում «Քաղաքացիական պայմանագրի» կրած խայտառակ պարտությունը բարդում բացառապես Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի վրա, ով, հանուն արդարության, պետք է ասել, որ Սասուն Միքայելյանին պատասխանելիս մնաց կոռեկտության սահմաններում, ինչը չի կարելի ասել ԵԿՄ նախագահի պարագայում։
Մարզպետն ընդամենը Սասուն Միքայելյանին ասաց նրա անազնվության մասին՝ չբացելով որևէ փակագիծ։
Իհարկե, փակագծեր բացելուց դեռ զերծ է մնում նաև Սասուն Միքայելյանը. իհարկե, նա ակնարկեց «թավշյա հեռացման» մասին Կոտայքի մարզպետին առնչվող հարցին պատասխանելիս, սակայն, ակնհայտ է, որ այդ ակնարկն ուղղված էր հենց Նիկոլ Փաշինյանին․ Սասուն Միքայելյանը ցույց տվեց, որ ցանկացած պահի կարող է գործել ընդդեմ Փաշինյանի՝ նպաստելով նրա թավշյա հեռացմանը․ Սասուն Միքայելյանն ընդամենն ակնարկեց, իսկ գործողություններին դեռ սպասում ենք։
Ռոմանոս Պետրոսյան-Սասուն Միքայելյան հակամարտությունն ընդամենը բացում է Միքայելյանի՝ շատ հեռուն գնացող նպատակները, որոնց վերաբերյալ մեկնաբանություններ անելուց դեռ ձեռնպահ է մնում վարչապետ Փաշինյանը։
Ռոմանոս Պետորսյան-Վասակ-Վարդանյան-Սասուն Միքայելյան եռանկյունու արանքում Փաշինյանը համառորեն լռում է, իսկ թե որքան կշարունակվի Սասուն Միքայելյանի լռությունը, որևէ մեկն ասել չի կարող․ պաշտոնակռիվը կարող է անակնկալ «պայթյունի» պատճառ դառնալ՝ դնելով թավշյա իշխանության փլուզման մեկնարկը, իսկ եթե հաշվի առնենք, որ այդ մեկնարկ տվողը ԵԿՄ նախագահն է, ապա զարգացումները կարող են ծայրահեղ վտանգավոր դառնալ։