Եթե մենք դասեր չքաղենք, «թավշյա հեղափոխությունը» մեր կողմից կդառնա «թավշյա հեռացում». Սասուն Միքայելյան
«Ռոմանոսը ցանկանում էր մարզում դեմք դառնալ, թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, ես դեմ եմ քվեարկել»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Աբովյանի ընտրություններին:
Սասուն Միքայելյանը խոստովանում է, որ նա երկրորդ անգամ ևս դեմ է քվեարկել ՔՊ-ի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանին: Միևնույն ժամանակ ԵԿՄ ղեկավարը չի միջամտել ընտրությունների ընթացքին, որպեսզի ավելորդ «ցնցումներ» չլինեն:
Սասուն Միքայելյանի գնահատմամբ՝ գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը լավ քաղաքապետ է:
«Ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ է, այն քաղաքապետերից է, որ բյուջեն կատարել է 100-104 տոկոսով: Այսինքն՝ բյուջեն գերակատարել է: Այսօր ՀՀ-ում նման բան չի եղել, և դա պետք չէ բերել ուրիշ դաշտ: Սա է եղել ընդհանուր իրավիճակը, որ ես չեմ խառնվել ընդհանրապես, ես ՔՊ-ին թիկունքից չեմ խփել, որևէ մեկի չեմ ասել, որ պետք է գնաք, ընտրեք գործող քաղաքապետին»,- ասաց պատգամավորը:
Մյուս կողմից էլ, Սասուն Միքայելյանն Աբովյանում ՔՊ-ի պարտությունը կապում է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:
«Ինքն անձնավորեց իր դերակատարությունն Աբովյանի ընտրություններում: Պատկերացրեք, որ վարչապետը հանկարծ չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու: Ռոմանոսն էդքան ակտիվ չէր թավշյա հեղափոխության ժամանակ ու եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում»,-ասաց Սասուն Միքայելյանը: