Մարությանը պահեց խոստումը. աղբանոց ասելով՝ Նուբարաշենը չենք հիշում (տեսանյութ)
«Ես չեմ ուզում, որ Նուբարաշեն ասելով հիշենք աղբանոցը, գժանոցը, բոլոր «ոց»-երը»: Այս հայտարարությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ արել է կոմիկ դերասան Հայկ Մարությանը: Դա 2018 թվականի սեպտեմբերին էր: Այն ժամանակ թերևս շատերը չհասկացան, թե կոնկրետ ինչ նկատի ունի Մարությանը, երբ հայտարարում է, թե չի ուզում Նուբարաշենն ասոցացվի աղբանոցի հետ:
Այդ ժամանակ բոլոր նրանք, ովքեր հույսեր էին կապում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածուի հետ և հավատում հենց Փաշինյանին, մտածում էին, որ Նուբարաշենը վերջապես աղբից կազատվի:
Թերևս այս թեզին թերահավատորեն էին մոտենում բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ լսել են Նուբարաշենն աղբից ազատելու մասին անկատար խոստումներ:
Թե էլ ինչեր են պատկերացրել ընտրողները, լսելով Կարգին Հայկոյի հայտարարությունը՝ կարելի է երևակայել, ամեն դեպքում, ինչ էլ որ մտածելու լինեին մարդիկ, հաստատ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ Մարությանն իր հայտարարությունը կյանքի կկոչի այն տարբերակով, որով արեց դա...
Մարությանը կատարեց իր նախընտրական խոստումը. Նուբարաշենն, իհարկե, աղբից չի մաքրվել, բայց այսօր արդեն աղբանոց ասելով՝ հիշում ենք ո՛չ թե Նուբարաշենը, այլ հենց Երևանը՝ իր բոլոր թաղամասերով...
Այնպես որ՝ Նուբարաշենն այլևս որպես աղբանոց չի ասոցացվում...