Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը․ Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը։
Հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ, Աննա Նաղդալյանը պատասխանել է․
«Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:
Ինչպես նշել էինք դեռեւս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը եւ պահպանելու հրադադարը, եւ այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին եւ ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով:
Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը եւ առաջարկները:
Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին եւ խաթարում խաղաղ գործընթացը»: