Ասում եք՝ Սահմանադրությունը բռնաբարված է, բա ինչո՞ւ եք հայտնվել այդ բռնաբարության ծնունդի ուսերին. Պետրոսյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուին (տեսանյութ)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթի ժամանակ դիմեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին: Նա նկատեց, որ Գրիգորյանը բացառել է ճնշումները ՍԴ-ի վրա՝ մեկնաբանելով, թե պոտենցյալ ճնշումներ գործադրողնեի հետ ծանոթացել է ո՛չ թե խաշի սեղանի շուրջ, այլ բանտում և մեկը մյուսին օգնել են:
«Բա եղբա՛յր, որ ձեր բանտային ընկերը ձեր աջակցությունը հայցի, էդ ո՞նց եք ձեր բանտային վառ հիշողություններն անտեսելու»,-ասաց Պետրոսյանը:
Նա նաև հիշեցրեց Գրիգորյանին իր խոսքերը, թե Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Պատգամավորը նկատեց, որ դա շատ անհաջող սրամտություն էր:
«Ի՞նչ է նշանակում գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես չեմ ուզում հիմա Ձեզ հարցնել՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ով: Բայց եթե դա այդպես է, բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդպես հանգրվանել Սահմանադրական դատարանում»,- դիմելով դահլիճում նստած Գրիգորյանին, հարցադրում արեց Պետրոսյանը:
Պատգամավորը հիշեց նաև Վահե Գրիգորյանի մի հայտարարություն, թե ՀՀ նախագահը լեգիտիմ չէ ու դարձյալ հարց հնչեցրեց. «Բա որ նախագահը լեգիտիմ չէ, Դուք ի՞նչ գործ ունեք այստեղ, կամ մե՞նք ինչ ենք անում այստեղ. պարա՞պ ենք մնացել, եկել ենք ինքնահիացմա՞մբ ենք զբաղված»:
Մանրամասները՝ տեսանյութում