Ծանուցագիրը պետք է դնեմ ռամկայի մեջ ու կախեմ պատի՞ն` Այվազովսկու նկարի կողքը. Ծառուկյան
«Ծանուցագիրը, որը ուղարկում են, այսինքն` պետք է դնեմ ռամկայի մեջ ու կախեմ պատի՞ն՝ Այվազովսկու նկարի կողքը։ Ծանոթագիրը ստացել եմ, ուրիշ ի՞նչ հարցեր կան»:
Աժ-ում պատասխանելով լրագրողների հարցին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ՝ պատասխանելով հարցին, թե պատռե՞լ է նա ՔԿ ծանուցագիրը:
Ծառուկյանը հայտնեց, որ ՔԿ-ի ծանուցագրին պատասխանել է իր փաստաբանի միջոցով:
Հարցին, թե, այնուամենայնիվ, պատռե՞լ է ՔԿ–ի ծանուցագիրը` Ծառուկյանը պատասխանեց` «Ի՞նչ է, եթե առանց ծանուցագրի գնար ՔԿ, չէի՞ն ընդունելու»:
ԲՀԿ ղեկավարը նկատեց նաև, որ ՔԿ կողմից ծանուցագիր ուղարկելն անհարգալից վերաբերմունք է իր նկատմամբ և օրենքի խախտում: Ծառուկյանը մատնանշեց Սահմանադրության 96–րդ հոդվածը, որը կանոնակրագում է պատգամավորի անձեռնմխելիության հարցը:
«Մեր Սահմանադրության 96–րդ հոդվածի համաձայն` պատգամավորը ո՛չ հետապնդման, ո՛չ էլ պատասխանատվության է ենթարկվում։ Հարգելով օրենքը` իմ փաստաբանը իմ կարծիքն ուղարկել է Քննչական կոմիտե»,– ասաց նա։