Գարիկ Սարգսյանի ծրագրին «աչքով են տվել». նա վստահ է՝ կոկորդիլոսներն ինչ-որ ժամանակ այնուամենայնիվ թռել են
«Ես սնահավատ չեմ, բայց այդ ծրագրին «աչքով տվողներ» կարող են լինել։ Կարող եք հարցերն ուղղել ներդրողին»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով մարզում կոկորդիլոս բուծելու և զուգահեռ էկոայգի կառուցելու ներդրումային ծրագրին:
Հարցին, թե ինչու մինչ այսօր այդ ծրագիրը կյանքի չի կոչվել, Գարիկ Սարգսյանը պատասխանեց, որ հողի փորձաքննության հետ կապված և էլի մի քանի ընթացակարգեր կան, որոնք ուշացնում են ծրագրի իրականացումը:
«Ծրագիրը հայտնի է որպես «կոկորդիլոսաբուծարան», բայց դա էկոայգի է լինելու՝ ալիքային լողավազանով, հեծանվահրապարակով, մանկական խաղահրապարակով, արագ սննդի կետերով, ռեստորաններով»,- ասաց մարզպետը:
Ինչ վերաբերում է կոկորդիլոսի ու թռչի ձվի տարբերակման հետ կապված խնդիրներին, ապա Գարիկ Սարգսյանը վստահեցնում է՝ մաքսատան հետ կապված խնդիրները լուծված են:
«Փորձում եք այնպես մեկնաբանել, թե թռչնի ձուն այլ կենդանու ձվից չենք տարանջատում։ Հարցը հետևյալն է՝ կոկորդիլոսի ձվի ներմուծման մաքսային կոդ չկա: Ներմուծվում է թռչնի ձվի անվան տակ, բայց իրականում դա կոկորդիլոսի ձու է»,- պարզաբանեց մարզպետը:
Դիտարկմանը, թե կոկորդիլոսի՝ թռչուն լինելու հետ կապված հայտարարությունը հենց իր կողմից է արվել, երբ ֆեյսբուքյան իր էջում նա վիքիպեդիայից հատված էր ներկայացրել, Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Հարցն այն է եղել, թե կոկորդիլոսների նախնիներն ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանել։ Կոկորդիլոսն իր կառուցվածքով մոտ է թռչուններին: Նա չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Ինչ-որ ժամանակ նրանք թռել են»,- ասաց Գարիկ Սարգսյանը։