«Ճիշտն ասած, չգիտեմ՝ ում մասին եք խոսում». Վանեցյանը՝ «Ադեկվադ»-ի սևազգեստ անդամների մասին
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը համամիտ չէ այն տեսակետին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային հայտարարություն է արել՝ կապված «սևազգեստ խմբերի» հետ:
ԱԱԾ ղեկավարը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ վարչապետը ցուցում չի տվել ներազդեցություն ունենալ որևէ հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց:
«Հստակ ցուցումը տրվել է, և ոստիկանությունն այս երկու օրը, ինչպես նաև ԱԱԾ-ն իր մասով, կատարում են համապատասխան աշխատանքներ: Այլ մեկնաբանություն ես տալ ուղղակի չեմ կարող»,- ասաց Վանեցյանը:
Թե ինչ սևազգեստ խմբերի շրջանակի մասին է խոսքը, Արթուր Վանեցյանը պարազաբանեց. «Մարդիկ կան, որոնք քարոզում են ատելություն, ուժի կիրառում և այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր, որոնք նախատեսված կլինեն քրեական օրենսգրքով պատիժ, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն բոլոր մեզ տրված լիազորությունները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»:
Տեսակետը, թե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը որքան սևազգեստ մարդ տեսնի՝ պետք է վնասազերծի, Վանեցյանը կոնտեքստից դուրս է համարում: «Ես չեմ կարծում, որ դա տեղին հումոր էր կամ չգիտեմ ինչ... Նման բան չկա: Իրականում այն ինչ կա, բոլորը շատ լավ հասկանում են»,- ասաց Արթուր Վանեցյանը և հավելեց, որ երբ խմբերին կվնասազերծեն՝ այդ մասին բոլորին կասեն:
Հարցին, թե արդյոք նկատի ունե՞ն «Ադեկվադ»-ի անդամներին, ովքեր աչքի ընկնում ընդդիմադիր վարքագծով, Վանեցյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, չգիտեմ՝ ում մասին եք խոսում, տեղյակ չեմ, չգիտեմ՝ ում մասին է խոսքը»: