Հեղափոխության նոր օջախը Էջմիածինը կլինի. Դիանա Գասպարյանը միտումնավոր թեժացնում է կրակը
Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հեղափոխության օջախ դարձնելու հայտարարություններին, քիչ է մնացել, որպեսզի հեղափոխության ամենաակտիվ և բոցկլտացող օջախ դառնա փոքրիկ, բայց կրքոտ քաղաք Էջմիածինը:
Այստեղ կրքերն այնքան են թեժանում, որ քաղաքապետի աթոռը զբաղեցնող մարիոնետն ի վիճակի չէ հանդարտեցնելու, հակառակը՝ իր վրեժխնդրությամբ և Փաշինյանի աչքին լավը լինելու միտումով յուղ է լցնում բորբոքված կրակին:
Քաղաքապետ Դիանա Գասպարյանն ակտիվացել է, ինչն այս էտապում իր շահերից չի բխում: Նա անպատասխանատու քայլեր է անում քաղաքի կառավարման գործում, որի հիմքը միայն էմոցիան է, և բացակայում է որևէ տիպի իրավական կամ քաղաքական հիմնավորումը:
Դիանա Գասպարյանը վերջին շրջանում հասցրել է քաղաքի երկու խոշոր ուժերի դեմ իր թույլ կեցվածքով դուրս գալ. նա նախ կոչ է անում անգամ մեկ շիշ ջուր չգնել Մանվել Գրիգորյանին պատկանոող սրճարանից, ապա նաև՝ փորձում է հեղինակազրկել քաղաքում գործող «Արթուր Ասատրյան» հիմնադրամի աշխատանքները՝ չտալով հիմնադրամին հնարավորություն, որպեսզի կարողանա քաղաքում բարեգործության շրջանակներում քայլեր ձեռնարկել:
Խանդը կուրացրել է Դիանա Գասպարյանին... Նրան թվում է, թե «Արթուր Ասատրյան» հիմնադրամը կամ Մանվել Գրիգորյանի սրճարանները եթե աշխատեն՝ իր հեղինակությունն այդ ֆոնին կնվազի, սակայն Դիանա Գասպարյանի նվազ գիտելիքները նրան թույլ չեն տալիս հասկանալ, որ իր վարկանիշը ոչ թե այլոց գործունեությունից է բխելու, այլ՝ հենց իր:
Իսկ ի՞նչ պետք է անի Դիանա Գասպարյանը՝ մի կողմ թողնի քաղաքակաան պաթոսը, հեղափոխությունն ու իր քաղաքական մրցակիցներին և գործի անցնի՝ ճանապարհ կառուցի, մանկապարտեզ ու դպրոց բարեկարգի, քաղաքը մաքրի կուտակված աղբից, զբաղվի քաղաքի այլ ենթակառուցվածքների թարմացմամբ և զարգացմամբ: Մինչդեռ սույն տիկինը լծվել է իրենից բարձր հեղինակություն վայելողներին սևացնելու, «օդերը փակելու» գործով: Նկատենք, որ դա էլ նրա մոտ այնքան լավ չի ստացվում և, օրինակ, «Արթուր Ասատրյան» հիմնադրամի հունիսմեկյան միջոցառմանը 7-8 հազար մարդ է ներկա եղել, մոտավոր այդ բազմությամբ կարելի է հեղափոխություն անել Էջմիածնում և Դիանա Գասպարյանին ուղարկել երկարատև արձակուրդ:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի ներկա վիճակին, ով զոհ դարձավ Նիկոլ Փաշինյանի խանդին ու վրեժխնդրությանը, նկատելի է, որ քիչ- քիչ մոռացվում է նախկինում տարածված հոգեցունց տեսանյութը, արդյունքում՝ մարդիկ այլ կերպ են սկսում դիտարկել իրավիճակը:
Սա է, որ պետք է Նիկոլ Փաշինյանն իմանա ու քաջ գիտակցի. հեղափոխության առիթները փոքրիկ և տեղային են լինում, ապա դրանք ընդլայնվում են, ստանում ավելի մեծ էմոցիա ու տարածվում երկրով մեկ: Ամեն մեկը սկսում է իր շահի հետևից գնալ, սկսում են մրցակիցները փող ու այլ ռեսուրսներ օգտագործել և իրենց թողտվությամբ ու ցանկությամբ բերել կամ հեռացնել պաշտոնյաներին:
Դիանա Գասպարյանով կբոցկլտա հեղափոխության օջախը, ապա հեղափոխական կրակն իր ճիրանների մեջ կառնի ամբողջ երկիրը:
Ահա թե ինչ կլինի, եթե չսանձվի Դիանա Գասպարյանը...
Իսկ դուք այդպես ուզո՞ւմ եք, Նիկո՛լ Փաշինյան:
NEWSPRESS.am