Շտապ մեղրաջուր հասցրեք Ալեն Սիմոնյանին
Այսօր Ազգային ժողովում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ներկայացնում էր 2018 թվականի բյուջեի կատարողականը, և թվում էր, որ Ազգային ժողով հրավիրված ոստիկանապետին պատգամավորները պետք է ուղղեն համակարգի հետ կապված հասարակությանը հուզող բոլոր հարցերը, բայց արի ու տես, որ իմքայլական պատգամավորների համար հերթական առիթն էր ստեղծվել ինքահաստատվելու և կայանալու:
Ասվածի ցցուն օրինակ է խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը ստանձնել է խորհրդարանում Փաշինյանի ձայնը լինելու կարևոր առաքելությունը:
Օրինակ՝ եթե առավոտյան ԱԺ այցելած, այնուհետև լրագրողների հետ ճեպազրույց ունեցած Նիկոլ Փաշինյանն ամենաքիչը մի քանի անգամ ասել է, որ բռնությունը տեղ չունի Հայաստանում, Ալեն Սիմոնյանը դա բավարար չի համարել և Փաշինյանի ասածը կրկնել է այդ թեմայի հետ բացարձակ կապ չունեցող բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
Սիմոնյանը դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում է, որ վերջին շրջանում մենք ականատես ենք լինում տարբեր տեսակի բռնության կոչերի՝ հատկապես սոցցանցերում, մարդիկ համացանցում իրենց թույլ են տալիս նման կոչեր անել և զբաղված են մի բանով, որը ՀՀ-ին և քաղաքական կառույցին հարիր չէ՝ ի նկատի ունենալով ՀՅԴ-ի՝ «Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել» հայտնի ակցիան։
Սիմոնյանը սա ասում է՝ մոռանալով, որ այս հայհոյանքների հիմքը գցել են հենց իրենք՝ իրենց քաղաքական կնքահոր հետ միասին:
Ալեն Սիմոնյանը մոռացել է, որ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանել են հենց իրենք, Հայաստան-Արցախ բաժանարար գիծը ևս քաշել են այս նորելուկ իշխանավորները: Մոռացել է, որ ազգային արժեհամակագը խեղողը, սոցիալական ցանցերն ու մեդիան իմ ու քո անողներն էլ են իրենք, «ով Նիկոլ Փաշինյանին թիմակիցը չէ, մեր թշնամին է» թեզի հեղինակները՝ նույնպես, հետևաբար, Ալեն Սիմոնյանին՝ հարկատուներիս հաշվին Ազգային ժողովի փոխնախագահ խաղալուց բացի, խորհուրդ ենք տալիս մեղրաջուր խմել հիշողության վերականգնման համար:
Լկտիաբար ոստիկանապետին բռնության քարոզի դեմ խիստ հաշվեհարդար անելու կոչերից առաջ Սիմոնյանը պետք է հիշեի պատերին ծեփելու, ասֆալտին փռելու ու ծնոտներ կոտրելու հեղինակին. Ի դեպ՝ սրանք ևս սպառնալիք են:
Այնպես որ, Ալեն Սիմոնյանին խորհուրդ ենք տալիս երկրում զարկ չտալ երկակի ստանդարտների հայտնի տեխնոլոգային և անշուշտ՝ չմոռանալ մեղրաջուրը, որ չկորցնի անցյալի ու ներկայի միջև կապը…
NEWSPRESS.am