Լոռու մարզպետը մահակի միջոցով փորձում է ՀՀԿ-ի ռեժիմի նման տեղավորել իր մարդկանց. Արմեն Եղիազարյան
Լոռիի մարզում դժգոհությունների պակաս թեև չկա, սակայն մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վստահեցնում է, թե քաղաքացիների բողոքի ակցիաներն ու քննադատություններն ուղղորդված են և շինծու: Այդ մասին նա հայտարարել է իր հարցազրույցներից մեկում:
Անդրադառնալով Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի քննդատություններին՝ Անդրեյ Ղուկասյանը նշել է, թե Եղիազարյանը «նորաթուխ պատգամավոր է», ով իր հաշվին փորձում է կայանալ:
«Երբ մարդ ինչ-որ մեկի մասին կարծիք է հայտնում, նախ պետք է հետադարձ հայացք գցի իր անցած ուղուն ու համեմատի ա՛յն մարդու անցած ճանապարհի հետ, ում մասին կարծիք է հայտնում»,- NEWSPRESS.am-ի զրուցում, անդրադառնալով մարզպետի հնչեցրած որակումներին՝ ասաց Արմեն Եղիազարյանը:
Պատգամավորը նկատեց, որ «նորաթուխ» որակումն ավելի շատ հենց Անդրեյ Ղուկասյանին կարելի է վերագրել, ով ընդամենը մի քանի ամիս է, ինչ մարզպետ է նշանակվել ու մտել ակտիվ քաղաքականություն: Նույնը չի կարելի ասել Արմեն Եղիազարյանի դեպքում. համենայն դեպս, նա վստահեցում է, որ արդեն 20 տարի զբաղվում է ակտիվ քաղհասարակական գործունեությամբ:
«Ասեմ, որ մինչև պատգամավոր լինելը, ես 2 տարուց ավելի եղել եմ նաև Վանաձորի ավագանու անդամ ու չեմ կարծում, որ մարզպետն ուներ իրավունք ինձ նորաթուխ անվանելու և չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նրա մոտ նման տպավորություն ստեղծվել: Փոխարենը կարող եմ նորաթուխ ասել իրեն, ավելին՝ նա իր գործին չի տիրապետում»,-ասաց պատգամավորը:
Վերոհիշյալ հարցազրույցի ժամանակ, ըստ էության, Անդրեյ Ղուկասյանը չպատասխանեց հարցին, թե ինչպես է վերաբերում Արմեն Եղիազարյանի մեղադրանքներին, որ ինքը ճնշումներ է գործադրում գյուղապետերի նկատմամբ՝ կապված դպրոցների տնօրենների նշանակման հետ: Մարզպետը պարզապես հակադարձեց, թե՝ Արմեն Եղիազարյանն էլ մարզադպրոցի տնօրենի նշանակման հարցում է ճնշումներ գործադրել:
«Ես ճնշում չեմ գործադրել»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Եղիազարյանը ու նաև որոշ մանրամասներ հայտնեց:
Նա նշեց, որ տասնյակ տարիներ զբաղվել է թեթև ատլետիկայով հենց այդ մարզադպրոցում և քաջատեղյակ է, թե ինչ է կատարվում այնտեղ: Պատգամավորը նկատեց, որ անգամ քրեական գործեր կան տնօրենի և փոխտնօրենի նկատմամբ, ում, ի դեպ, մարզպետը սատարում է:
«Ես անընդունելի եմ համարում, որ մարզպետը միջամտում է տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթին՝ ՀՈԱԿ-ի տնօրենի նշանակման հարցում: Ղուկասյանն իր պատասխանով, հենց այդ հարցազրույցում, փաստացի հաստատեց, որ ինքն անձամբ շահագրգռված է եղել և միջամտել է այդ ամենին: Հակառակ դեպքում՝ ինպե՞ս կարող է բացատրել այն, որ ես թեկնածուի առաջարկություն եմ արել: Ես ճնշում չեմ գործադրել. ես ներկայացրել եմ դպրոցի մարզչի թեկնածությունը, ով գիտությունների թեկնածու է, և շատ հայտնի մարզիկներ են անցել նրա ձեռքի տակով»,- ասում է Արմեն Եղիազարյանը:
Նա վստահեցնում է, որ այդ մարզիչը չի ընտրվել զուտ այն պատճառով, որ եղել է ԼՀԿ պատգամավորի, այսինքն՝ իր առաջարկած թեկնածուն ու մտերիմ հարաբերություններ ունի իր հետ:
«Ինչպես ասում են՝ կուլիսների հետևում տեղի ունեցած խոսակցություններից իմացել եմ, որ այդ ընտրությունը կատարվել է, փաստորեն, միայն քաղաքական նկատառումներից ու հայացքներից ելնելով, ու մարզպետն ունեցել է իր ուրույն դերն այդ որոշման մեջ»,- ասում է պատգամավորն ու նկատում՝ իրեն ասել են, որ հարցը լուծվելու է միայն քաղաքապետի ու մարզպետի որոշման արդյունքում: Այստեղից էլ հիմնավորվում է պատգամավորի հարցադրումը, թե ինչ գործ ունի մարզպետը ՀՈԱԿ-ի տնօրենի նշանակման հետ:
Պատգամավորի գնահատմամբ՝ դա լիազորությունների չարաշահում է: Նույնը դպրոցների տնօրենների հարցում է, ինչը տեսաձայնագրվել է և, Արմեն Եղիազարյանի խոսքով, կան փաստեր, որոնք մարզպետը չի կարող հերքել:
«Մարզպետը մահակի միջոցով փորձում է հանրապետականների ռեժիմի նման, տեղավորել իր մարդկանց»:
Արմեն Եղիազարյանը, մարզպետի նշանակվելուց հետո, մարզում դրական փոփոխություններ չի նկատում: Նա վստահեցնում է, որ լուրջ ու գլոբալ խնդիրներ լուծելու փոխարեն, Անդրեյ Ղուկասյանն զբաղված է մանր հարցերով. ով ինչ արեց, երբ արեց ու ինչու:
«Պարզապես ոստիկանի ու դատախազի դեր է ստանձնել, որն ընդհանրապես իր հետ կապ չունի: Դրա համար կան պատկան մարմիններ, որոնք պետք է զբաղվեն այդ հարցերով, իսկ ինքը տնտեսական զարգացման հարցերը թողած՝ մանր-մունր հարցերով է զբաղվում»,- ասում է պատգամավորն ու նկատում, որ, իհարկե, կարող է նա զբաղվել այդ հարցերով, բայց այդչափ չկենտրոնանալ դրանց վրա՝ քանի որ կան խնդիրներ հատկապես գյուղական համայնքներում, որոնք մարզպետն անուշադրության է մատնել:
Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը