Ատում եմ «Սասնա ծռերին», բայց տղայիս իրենք չեն սպանել․ ՊՊԾ գրավման ժամանակ զոհված ոստիկանի մայր (տեսանյութ)
Նախկինում չեմ ասել, քանի որ գիտեք՝ այն ժամանակ ովքեր էին ղեկավարները, իսկ հիմա կարող եմ ասել, իմ տղային ոստիկաններն են խփել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մայրը։
Նա, ինչպես և իր ամուսինը, պնդում են, որ իրենց որդուն «Սասնա ծռեր» խմբավորման անդամները չեն սպանել։
«Ես չգիտեմ՝ ինչ է ասել հարսս ու չեմ խառնվում իրենց հարցերին, բայց ես գիտեմ, որ «Ծռերը» չեն սպանել»,- ասաց կինը՝ հավելելով, որ «Սասնա ծռերի» հետ ոչ մի կապ չունի, ավելին, թեև նրանք չեն սպանել, բայց նրանց պատճառով է սպանվել իր որդին։
«Ես ատում եմ «Սասնա ծռերին», որովհետև եթե իրենք չլինեին, իմ տղան չէր զոհվի։ Իմ տղան արձակուրդի մեջ էր․ իրենք առիթ դարձան ու իրենց պատճառով մահացավ»։
Յուրա Տեփանոսյանի մայրը նաև ուզում է հավատալ, որ գոնե դատավարությունն արդար կլինի և միևնույն ժամանակ էլ նկատում․ «Այսինքն՝ էլ ի՞նչ արդարություն, եթե ես ուզում եմ տղայիս դատին մասնակցել, բայց ապակու հետևից էլ ինձ չեն թողնում նայեմ, չեն թողնում ներս մտնեմ, էլ արդարությունը ո՞րն ա»,- ասաց կինը։
Մանրամասները՝ տեսանյութում