«Փոփոխություն չեմ տեսնում հիմա և անկեղծ հիասթափված եմ». անկեղծ զրույց՝ հեղափոխության սիմվոլ դարձած աղջկա հետ
Մոտ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները դեռ երկար կմնան մեր հիշողության մեջ։ Այդ օրերին Երևանում ու ամբողջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները շատերին սիմվոլիկ կերպով ամրագրեցին 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական պրոցեսների պատմության մեջ։ Ոմանք անմահացան իրենց լուսանկարներով, իսկ ոմանք էլ՝ իրենց խարիզմատիկ կերպարով։ Այդպիսի սիմվոլիկ մարդկանցից մեկն էլ Անի Հակոբջանյանն է, ով դեռ ցույցերի առաջին օրերից հայտնվեց հանրության, լրագրողների ու տեսախցիկների ուշադրության կենտրոնում։ Անցել է 1 տարուց ավելի ժամանակ։ NEWSPRESS.am-ը զրուցել է Անի Հակոբջանյանի հետ այդ օրերի, ներկայիս Հայաստանի ու պայքարող աղջկա հիասթափությունների մասին։
-Ի՞նչ ակնկալիքներ ունեիք մեկ տարի առաջ տեղի ունեցող իշխանափոխության ցույցերի ժամանակ և ի՞նչ կա հիմա։
-Առաջինը՝ կրթական ինչ-որ փոփոխություն էի ուզում՝ դպրոցներում, բուհերում ու միակ ակնկալիքս դա էր, բայց փոփոխություն չեմ տեսնում հիմա և անկեղծ հիասթափված եմ։ Գոհ եմ մի շարք նախարարություններից, հատկապես՝ Առողջապահության նախարարությունից։ Սպասում ու մտածում էի, որ Արայիկ Հարությունյանը կդառնա նախարար և ինչ-որ բան կփոխի, քանի որ ինքն էլ էր ԵՊՀ-ում աշխատում, տեղյակ էր ամեն ինչից, սակայն տեսնում եմ, որ ոչինչ չի փոխվել կրթական համակարգում։
-Հիասթափվա՞ծ եք Ձեր մղած պայքարից, թե՞ ոչ։
-Ինքս ինձնից եմ հիասթափված, որ էդքան շատ տրվեցի։ Կարող էի քիչ նվիրվել, պայքարել. շատերի նման ուղղակի մասնակցեի։ Ամբողջ ներուժը, էմոցիաները, ինչ ունեի՝ տվեցի հեղափոխությանը ու դրանից հետո առանց ինչ-որ բանի մնացի, փոփոխություն չտեսա մարդկանց մոտ։ Սպասում էի՝ մարդիկ կփոխվեն, կարելի է միավորվել, լավ բանի հասնել, բայց այդ ամեն ինչը վերջացավ ու ամեն ինչ իր տեղն ընկավ․ ծեծողները ծեծում են, վիրավորողները՝ վիրավորում։
-Ձեզ հետ պայքարողներից շատերը հիմա բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Իրենց հետ շփման ժամանակ հայտնե՞լ եք բողոքների մասին։ Ի՞նչ են ասում։
-Շատերի հետ նորից շփվում եմ, ուղղակի վաղուց քաղաքականությունից չեմ խոսում, կամ նույնիսկ հարցնում են՝ գո՞հ ես, թե՞ չէ, ես չեմ պատասխանում։ Քաղաքականությունը ինձ չի հետաքրքրում։ Ով կլինի ռեկտոր, ում կնշանակեն, ինչ կանեն՝ ինձ համար մեկ է։ Ես ապրում եմ գլուխս կախ։
-Եթե նորից լինի քաղաքական փոփոխությունների համար մղվող ցույց, կմասնակցե՞ք դարձյալ, թե՞ ոչ։
-Երևի՝ չէ, քանի որ վերջերս տարբեր ցույցեր էին․ Օպերայի սրճարանների, դատարանների, ու ես չգնացի, քանի որ մարդիկ այդ պահին ոգևորված խոստումներ են տալիս, հետո դա կարճ է տևում, հետո մոռանում են։ Ես չեմ ուզում մտնեմ ալիքի մեջ ու հետո մենակ մնամ, քանի որ բոլորը գնում են։
-Ո՞ւմ եք տեսնում հիմա Հայաստանում քաղաքական լիդեր։
-Ես չեմ տեսնում էդպիսի մարդու։ Այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանին չեմ սիրում, ուղղակի ինքը լավն է առանձին, ինչ-որ նշանակումները իր, հարաբերությունները այլ մարդկանց հետ ինձ դուր չեն գալիս։ Միգուցե այլ ոլորտներում մեկ տարին քիչ ժամանակ էր փոփոխությունների համար, սակայն կարծում եմ, որ մեկ տարին բավական էր կրթական ոլորտում փոփոխություններ անելու համար։ Ես չեմ զգացել ինձ վրա այդ փոփոխությունները։
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք ներկայիս Հայաստանի Հանրապետությունից։
Երբ ցույցերի էի գնում, մայրիկս ասում էր, որ եթե ամեն մարդ իր գործով զբաղվի, ապա ամեն բան լավ կլինի և հիմա հասկանում եմ, որ եթե ես իմ ոլորտում լավը լինեմ, պետությանը օգնեմ, ապա ամեն ինչ լավ կլինի։ Հիմա մեր պետության մեջ մի շարք նախարարություններ թողել են կարևոր հարցերը և ընկել են մանր-մունր բաների հետևից։ Կարծում եմ, որ պիտի առաջնային լուծեն կարևոր խնդիրները և հետո ընկնեն փոքրերի հետևից։