Նույնիսկ եթե Ռոբերտ Քոչարյանը Արցախում գա իշխանության, Հայաստանն ու Արցախը պետք է աշխատեն որպես մեկ բռունցք. Գևորգ Գորգիսյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը չի կարդացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչինյանի «Կյանք և ազատություն» գիրքը, բայց չի բացառում, որ կկարդա։
«Հակառակորդին պետք է լավ ճանաչել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գորգիսյանը։
Նա բացառեց, որ ԼՀԿ-ն կարող է համագործակցել նախկին ռեժիմի որևէ ուժի, մասնավորապես՝ «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի» հետ:
Գորգիսյանի գնահատմամբ՝ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ նրան մոտ գտնվող որևէ ուժ չի կարող ՀՀ քաղաքացիների մոտ վստահություն ունենալ։
«Քաղաքացիներն ունեն հիշողություն․ մենք թույլ չենք տա, որպեսզի մոռանան պարոն Քոչարյանի և նրա թիմակիցների, նախկին ռեժիմի այն թերացումները, որի պատճառով երկիրը հասել էր այն ծայրաստիճան վատ վիճակին, որ ստիպված եղանք փողոցային պայքարի միջոցով երկրում փոփոխություններ բերել»,- ասաց Գորգիսյանը:
Անդրադառնալով Փաշինյանի գրառմանը, թե՝ եթե Արցախը փորձեն դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ, Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ անթույլատրելի է համարում Հայաստանի և Արցախի հակադրումը։
«Նույնիսկ եթե ամենավատ սցենարով Ռոբերտ Քոչարյանն Արցախում գա իշխանության, միևնույն է Հայաստանն ու Արցախը՝ որպես մեկ բռունցք, պետք է աշխատեն՝ ծառայելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների շահերին», - ասաց Գորգիսյանը: