Ռեկետ՝ պետական մակարդակով
Մեծ շուքով կալանավորված «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են. նա վճարել է 1 մլրդ դրամ գումար և ազատ արձակվել կալանքից:
Այսօր այս բովանդակությամբ հաղորդագրություն տարածեց Պետական եկամուտների այն նույն կոմիտեն, որը մեկ ամիս առաջ պնդում էր, որ Դավիթ Ղազարյանը պետությանը պատճառել է 7 մլրդ դրամի վնաս, իսկ վարչապետ Փաշինյանն էլ հավելում՝ այդ 7 մլրդ դրամը կարող է աճել, իսկ այսօր պետությանն այդքան վնաս պատճառած մարդն ազատության մեջ է:
Սա, մեղմ ասած, վկայում է մեր դատական համակարգի՝ հրահանգով գործելու մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ղազարյանի խափանման միջոցը չփոխվեց, քանի որ դատարանը կարծում էր, որ Ղազարյանն ազատության մեջ կվնասի նախաքննությանը, իսկ այսօր արդեն ազատ է արձակվում:
Ղազարյանի այս ազատ արձակումը գալիս է լրացնելու Վաչագան Ղազարյանի, Սաշիկ Սարգսյանի, 14 մլրդ կաշառք տալու մեջ մեղադրվող և ազատության մեջ կյանքը վայելող Արամ Հարությունյանի, օֆշորի և բանանի արքա Միհրան Պողոսյանի, Գագիկ Խաչատրյանի, Բաղրամյան 26 ճամպրուկով փող տարածների, Մարտի 1-ի գործով փամփուշտներ կեղծած Վահագն Հարությունյանի և էլի մի շարք հայտնի մարդկանց շարքը:
Կա նաև «թերթի մյուս երեսը»՝ մոտենում է գյուղմթերքի արտահանման սեզոնը, ու հավանաբար, չգտնելով «Սպայկա» ընկերության արտահանման ծավալներն ու լոգիստիկ կապերն ունեցող երկրորդ ընկերություն, հրահանգվել է Ղազարյանին ազատ արձակել, որ կանգնի գործարանի գլխին, իսկ գյուղացին էլ բերքի իրացման հարցում խնդիրներ չունենա:
Այս կերպ իշխանությունը լուծել է գյուղատնտեսական սեզոնին գյուղացիների լայնածավալ բողոքի ակցիաներից գլուխն ազատելու հարցը:
Ինչ էլ դրված լինի Ղազարյանի՝ կալանքից ազատման հիմքում, ակնհայտ է, որ երկրում առկա է բոլոր հարցերը պայմնավորվածությամբ լուծելու արատավոր պրակտիկան:
«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենի՝ կալանքից ազատելու դատարանի որոշումը հայաստանյան արդարադատության այս անհասկանալի գործելաոճը ստեղծում է այնպիսի նախադեպերր, որ կարելի է գործել հանցանք, ուղիղ եթերում ձերբակալվել կամ մի քանի անգամ պառկել ասֆալտին, ծեփվել պատերին, ծնոտ կոտրել, սակայն վճարել և ազատվել արդարադատությունից:
Ստացվում է՝ փողը ջրում է բոլոր հանցանքները կամ լույս տալիս մթնում:
Իսկ սա կոչվում է ռեկետ, այն էլ՝ պետական մակարդակով:
NEWSPRESS.am