Բաղդասարյանի «հայաթի ընկերները» մարիխուանա են օգտագործում, եղբայրն էլ նշում է մարիխուանայի միջազգային օրը
Մեր ընտանիքը բավականին մեծ ա, նրանք ապրում են լրիվ տարբեր տեսակետներով. մաման լրիվ այլ տեսակետի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում նա այն երևույթին, որ մարիխուանայի միջազգային օրը նշող կազմակերպիչն իր հարազատ եղբայրն է՝ Ալեքսանդր Բաղդասարյանը։
«Ես իմ ազգականների, նրանց մտքերի կամ տեսակետների հետ չեմ ցանկանում նույնականանալ։ Իրենք ազատ են իրենց որոշումներում։ Ինչ վերաբերում է իմ անձին՝ ես այդ թեմայից հեռու եմ և չեզոք»,- ասաց Բաղդասարյանը և հավելեց, որ ընտանիքը շատ մեծ է և դժվար է իրենց ընտանիքում բոլորին մի տեսակետի բերել, ու ամենքն իրենց կարծիքն ունեն:
Միևնույն ժամանակ, նա դեմ չէ հարցի օրինականացմանը: Բաղդասարյանը բերում է ԱՄՆ-ի, Վրաստանի օրինակները:
«Ես որոշ ժամանակ ԱՄՆ–ում եմ անցկացրել, գիտեմ, որ այնտեղ օրինական է, Վրաստանում օրինական է, մի քանի պետություններում մահապատիժ է նախատեսվում, հետևաբար այդ հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել, որովհետև ընկերներ ունեմ, որոնք օգտագործում են, պայքարում են մի այլ կարգի, ընկերներ ունեմ, որ դեմ են դրան։ Պետք է խորությամբ ուսումնասիրել, եթե լավ բան է, կողմ ենք, եթե վատ բան է, դեմ ենք»,-ասաց պատգամավորը:
Նա ինքն ընդհանրապես չի օգտագործել, ասում է՝ նույնիսկ «սիգարետ» չի օգտագործում։
Լրագրողի հարցին, թե ո՞ւմ նկատի ունի պատգամավորը, երբ ասում է իր ընկերները օգտագործում են, Բաղդասարյանը պատասխանեց. «Մեր հայաթի ընկերները»:
Իսկ ճշտող հարցին, թե իրենց բակում դա տարածվա՞ծ երևույթ է, պատգամավորը արձագանքեց.
«Ոչ թե մեր բակում, բերեք ճշմարտությունը ասենք. օրինակ՝ ԱՄՆ–ում շատերն են օգտագործում, իրենց մոտ ընդունելի իրավիճակ է, մեզանում ընդունելի չէ, որովհետև մենք խնդիր ունենք երեխայի հետ կապված, օրինակ՝ ես դիսոնանս կզգամ, եթե իմանամ, որ իմ երեխան մոտեցել է նման բանի»։