«Այ մարդ, էդ մարդիկ անցան-գնացին, միայն հուշեր մնացին, հիմա դո՞ւք ինչ եք անում». Գևորգ Պետրոսյանը՝ իմքայլականներին (տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր ելույթում ասում է՝ թարմացրեք ձեր հիշողությունը. հիշողությունը կարելի է թարմացնել՝ այդպիսին ունենալու դեպքում: Այսպես սկսեց իր ելույթն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա նկատեց, որ եթե Հովակիմյանը վկայակոչում է Սահմանադրության 147-րդ հոդվածը, ապա պետք է իմանա, որ այնտեղ գրված է նախարարությունների ցանկը և Կառավարության գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
«Դուք եկել էստեղ կանգնել, ԱԺ պատգամավորին ասում եք, թե Կառավարությունն է որոշողը: Կգնաք Սահմանադրության այդ հոդվածը նորից կկարդաք: Հիմա նորից նույն հարցն է հնչում՝ մե՞նք ենք կառավարությանը հսկում, թե՞ կառավարությունը՝ մեզ»,- իր հարցը Հովակիմյանին ուղղեց Պետրոսյանը՝ հավելելով, որ, փաստորեն, առիթը բաց չեն թողնում գնդակահարելու խորհրդարանական վերահսկողական ինստիտուտը:
ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց նաև, որ իշխող ուժի ներկայացուցիչներն ամեն անգամ հիշում են նախորդ իշխանությունների արածները.
«Ա՛յ մարդ, այդ մարդիկ անցան-գնացին, միայն հուշեր մնացին, ինչպես հայտնի երգում է ասվում, հիմա դուք ի՞նչ եք անում: Գյուղնախարարության լուծարումն ի՞նչ կապ ունի կեղծված ընտրությունների հետ, որ ասում եք: Դուք էլ ոչ կեղծարարներին պաշտոնի նշանակեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել: Մի՛ նշանակեք այնպիսի մարդկանց, որ եթե վկայականը կորցնեն, չեն հիշի, թե ինչ պաշտոնի էին աշխատում»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը, որի արդյունքում կլուծարվեն նախարարություններ ու կկրճատվեն աշխատողներ:
Մանրամասները՝ տեսանյութում