Իշխող ՔՊ ֆեյք կուսակցությունն, իր ընդդիմադիր կոլեգաների հետ միասին, խաղից դուրս է մնացել. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում անտանելի է դառնում։ Համատարած դեստրուկցիա է և որևէ լուրջ և առարկայական քննարկում անհնարին է դարձել։
Նախկինում լրագրող, իսկ ներկայումս վարչապետ հանդիսացողի ընդդիմությունը ներկայիս լրագրողներն են դարձել, իսկ քաղաքական ու քաղաքացիական հասարակության միավորները դեֆոլտի է ենթարկվել։
Իշխող Քաղաքացիական Պայմանագիր ֆեյք կուսակցությունն, իր ընդդիմադիր կոլեգաների հետ միասին խաղից դուրս է մնացել ու դա պառլամենտական կառավարման մոդել ունեցող երկրում, որտեղ քաղաքական կյանքի գործող միավորները կուսակցություններն են։ Այսինքն, քաղաքական կյանքը Հայաստանում նենգափոխվել է։
Քաղաքական կյանքն ընթանում է մամուլում, որտեղ գործող անձինք լրագրողներն են՝ բոլոր դիրքերում,, իսկ քաղաքացիական հասարակության դերակատարումը ստանձնել են ֆեյքերը։ Բնականաբար, սուրբ տեղը դատարկ չի մնում։
Պարզ է, որ Հայաստանում քաղաքական դեբատներ և երկխոսություններ չեն կարող տեղի ունենալ, որովհետև չկան երկխոսող միավորները։
Լրագրող վարչապետին, բնականաբար, լրագրողները պետք է ընդդիմանան, իսկ հանրային կարծիքը պետք է ներկայացնեն ֆեյքերը։
Նման պայմաններում քաղաքական լուծում չկա, իսկ շոուի շարունակությունը դեպի ոչ մի տեղ է տանում»։