Հեռուստաեթերի հարցում՝ նախ պետք է սկսել տեղական եթերի խնդիրներից
Նախօրեին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովում քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրեց, թե ինչպես է կարելի սահմանափակել Հայաստանում սփռվող ռուսական համապետական նշանակության մի շարք հեռուստաալիքների որոշ հեռուստահաղորդումները, որոնք ունեն հակահայկական բովանդակություն։
Ի պատասխան այս հարցի, Տիգրան Հակոբյանն ասել է, որ հարցը քաղաքական է և այդ հարցին պետք է շատ զգույշ մոտենալ։ Նրա խոսքից, ըստ էության, հասկացվում էր մի բան, որ միջազգային ալիքների հեռարձակման հարցը, որը կարգավորվում է միջպետական համաձայնագրերով, ամենամեծ գլխացավանքն է և ամենալավ տարբերակը ստատուս-քվոն պահպանելն է, այսինքն` թողնել ամեն բան այնպես, ինչպես կա, քանի որ այս հարցում ամեն մի փոքր քայլը նույնիսկ կարող է մեկնաբանվել արդեն աշխարհաքաղաքական լույսի ներքո։
Ռուսական մեդիայում արդեն այս հարցը նկատվել է։ Լիովին սպասելի է, որ այս հարցից հետո սկսվի հակահայկական հերթական արշավը, ինչը բնական է, քանի որ ռուսական հեռուստաալիքների սփռումը հետսովետական տարածքում Մոսկվայի համար չափազանց նուրբ ու զգայուն հարց է և կապված է նաև ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի ինչպես նաև՝ հետսովետական տարածքի ռուս մարդկանց իրավունքների պաշտպանության հետ։
Այս ոլորտում որևէ հակաքայլը կարող է բերել մի վիճակի, երբ քայլն անող պետությունը դիտարկվում է որպես Ռուսաստանի հանդեպ թշնամական գործողություն կատարող։
Թերևս այս ամենը աչքի առաջ ունենալով է, որ Տիգրան Հակոբյանը փորձել է հարցի սրությունը մեղմել, սակայն եթե խոսում ենք հեռուստաեթերի հետ կապված խնդիրների մասին, ապա հայաստանյան եթերը շատ ավելի մաքրելու կարիք ունի, և առաջնայինը սա է, քան ռուսական եթերից առանձին հակահայկական հաղորդումների վրա սևեռվելը, հատկապես որ Հայաստանում Ռուսաստանն ունի ծանրակշիռ ներկայություն և ռուսալեզու անձանց լեզվական ու այլ իրավունքների հարցը մեզ մոտ առավել, քան Վրաստանում, զգայուն հարց է ինչպես օրինակ՝ Ուկրաինայում է։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ Մոսկվան բարձրացնում է նաև Հայաստանում ռուսալեզու դպրոցների առկայության հարցը։