Ինչ զարգացումներ կլինեն Ղազախստանում իշխանության փոխանցման գործընթացի ընթացքում
Ղազախստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Քասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր՝ ապրիլի 9-ին, ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ այս տարվա հունիսի 9-ին Ղազախստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Այս մասին հայտնում է ղազախական Vlast.kz-ն։ Սա, ըստ քաղաքագետների գնահատման, հանդիսանում է Ղազախստանում իշխանության փոխանցման հերթական հաջորդական փուլը։
Հրամանագրի հրապարակումից արդեն ժամեր անց հայտնի դարձավ, որ առաջին նախագահ, երեսուն տարի իշխանության ղեկը Ղազախստանում իր ձեռքում պահած ու, ըստ էության, երկրի ստվերային ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքի անդամներից ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան մտադրություն չունի առաջադրվելու առաջիկայում կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին։ Ուշագրավ է այն, որ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը բավական շտապում է, քանի որ նա, ըստ ամենայնի, դեռ մինչև 2020 թվականը ժամանակ ուներ, քանի որ համաձայն այդ երկրի Սահմանադրության, պաշտոնավարելու էր մինչև Նազարբաևի լիազորությունների ժամկետի ավարտը։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 20-ին Նուրսուլթան Նազարբաևը ինքնակամ հրաժարվեց նախագահի պաշտոնից, սակայն պահպանեց երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի ու իշխող «Նուր օթան» կուսակցության նախագահի պաշտոնը։ Դեռևս 1-1,5 տարի առաջ Նուրսուլթան Նազարբաևը սկսեց իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը։ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ ուղղություններով Հայաստանի դաշնակից համարվող երկրի ղեկավարը քննարկումներ սկսեց իշխանության տարբեր օղակների և կլանների ներկայացուցիչների հետ, փորձելով հասկանալ այն սցենարը, որով կկարողանար հնարավորինս սահուն ու անցնցում փոխանցել իշխանությունը իր հաջորդին, ով ամեն դեպքում լինելու էր մեկը, որը վայելում էր իր հավանությունը։ Այս ընթացքում Նուրսուլթան Նազարբաևը նույնիսկ դիմել էր երկրի Սահմանադրական դատարանին՝ հասկանալու համար, թե ինչ ընթացակարգով և ինչ «փաթեթավորմամբ» է կարելի իշխանության փոխանցումն իրականացնել հանգիստ ու սահուն կերպով և դեռ ամիսներ առաջ հասկանալի էր բոլորի համար, որ նա լիազորությունները վաղաժամ վայր է դնելու, և իր հավանությունը վայելող անձը դառնալու էր իր հաջորդը։ Իշխանության փոխանցման հերթական փուլում արդեն, ըստ սցենարային զարգացման էլ, երկրի ղեկը ստանձնեց Ղազախստանի պառլամենտի վերին պալատի՝ Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը։
Տոկաևին քաղաքագետները համարում են անցումային նախագահ, քանի որ կարծում են, որ ի վերջո Նազարբաևը երկրի հիմնական ղեկավարի պաշտոնում կդնի իր հավատարիմներից մեկին։ Ամենից հավանական թեկնածուն համարվում էր Նազարբաևի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբևան, որը Ղազախստանի պառլամենտի վերին պալատի՝ Սենատի անդամ էր 2016 թվականից, իսկ շաբաթներ առաջ դարձավ Սենատի նախագահ, տեղական Tangrinews-ի միջոցով հայտարարել է, թե մտադիր չէ առաջադրվել, ինչով կարծես թե հարցականները ավելի են շատանում, քանի որ պարզ չէ, թե ով է լինելու Նազարբաևի, այսպես ասած՝ գահաժառանգը։