Ինչ հարց էլ տաք, ոնց էլ պտտեք հարցը՝ ավել բան չեմ ասելու․ Վանեցյանը՝ ֆեյքերի մասին (տեսանյութ)
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հաստատում է, որ «Դուխով Հայաստան բաց հասարակություն» կեղծ էջի տակ հանդես եկող օգտատերը կալանավորվել է, սակայն մանրամասներ չի հայտնում:
Լրագրողների հետ զրույցում նա նկատեց, որ ձերբակալված կամ կալանավորված նոր ֆեյք օգտատերեր էլ չկան․ «Եթե նման բան լինի, կտեղեկանաք: Այս պահին կարգավիճակ ունեցող այլ անձինք չկան»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով՝ անանուն հանդես գալը մարդու իրավունքն է, բայց եթե այդ մարդը հանդես է գալիս այլ անձի տվյալներով՝ փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկատվություն՝ դա իր մեջ պարունակում է հանցակազմ:
Արթուր Վանեցյանը հրաժարվեց հայտնել կալանավորված «ֆեյք» օգտատիրոջ անունը: Նա չմանրամասնեց նաև խնդրին վերաբերող այլ հարցեր․ «Քննությունը երբ կհասնի այն փուլին, որ հնարավոր կլինի բացահայտել նախաքննության ընթացքում ստացված տվյալները, ամբողջովին պարզ կլինի: Հիմա ինչ հարց տաք, ոնց պտտեք հարցը, ես դրանից ավել բան չեմ ասելու»,-ասաց Վանեցյանը։