Թող որևէ մեկի մտքով չանցնի մեր երկրի անվտանգության հետ կապված կառուցել որևէ այլ ծրագրեր. Վիգեն Սարգսյան
Քանի դեռ ունես մարտական վտանգ ու մարտահրավեր, պետք է պատրաստ լինել վտանգին առերեսվելու և պատասխանելու, ինչպես 2016 թվականի ապրիլին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մի շարք ՀՀԿ-ականների հետ եկել էր Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:
Նրա գնահատմամբ՝ մեր երկիրը, մեր զինված ուժերը, անկախ ամեն ինչից, պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին:
«Հակառակորդը նենգ է, վտանգը մեծ է, իսկ Արցախի հարցը մեր երկրի համար կենսական հարց է, մեր գոյատևման ու ժողովրդի առաջընթացի հարցն է, մեր ինքնության հարցն է և ոչինչ չի կարող խանգարել՝ համախմբվելու այնպես, ինչպես համախմբվեցինք ապրիլին և մարտունակ լինել այնպես, ինչպես մարտունակ էր մեր զորքը ապրիլին»,-ասաց Վիգեն Սարգսյանը և հավելեց. «Թող որևէ մեկի մտքով չանցնի մեր անվտանգության, մեր ապագայի հետ կապված կառուցել որևէ այլ ծրագրեր»:
Վիգեն Սարգսյանը չմեկնաբանեց ՊՆախարար Դավիթ Տոնոյանի «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայտարարությունը: