Կոնստանտին Օրբելյանի համար անակնկալ էր ազատման հրամանը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի համար անակնկալ էր ազատման հրամանը:
Նախարարության որոշումից ապշած են նաև թատրոնի աշխատակիցները։ Վերջիններս, Կոնստանտին Օրբելյանի հետ միասին, մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։
Լրագրողների հետ զրույցում Կոնստանտին Օրբելյանը պատմեց, որ մարտի 26-ին նամակ է ստացել, որտեղ նշված էր, որ ապրիլի 1-ից նա այլևս չի զբաղեցնում թատրոնի տնօրենի պաշտոնը։
«Հրամանում նշված է, որ ապրիլի 1-ից եմ ազատվում, միգուցե դա կատակ է… (ծիծաղում է)»,-Կոնստանտին Օրբելյանն ու ավելացնում․ «ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը կարծում է, որ լեգիտիմ կարգով չեմ նշանակվել: Թե ինչ կանեմ, դեռ կերևա, սակայն կարող եմ ասել, որ այն, ինչ անում է, լեգիտիմ չէ: Կարծես, թե կոլեկտիվը նախատեսում է դատական հայց ներկայացնել այս որոշման դեմ, միգուցե ես նույնպես…կտեսնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Օրբելյանը։
Նրա խոսքով՝ նորությունից զարմացած, իրեն է զանգել նաև ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Ես 1.5 տարի է, ինչ աշխատում եմ որպես տնօրեն։ Մենք թատրոնի համար արել ենք չլսվածը, զրոյից հյուրախաղեր և ներկայացումներ ենք կազմակերպել»,- ասաց Օրբելյանը՝ հավելելով, որ այս պահին գիրք է գրում իր մասին, որի մեջ անպայմանորեն կանդրադառնա նաև այս միջադեպին։
Իսկ մինչ այդ, թատրոնի աշխատակիցները կհանդիպեն Ղարիբյանի հետ։