Փաշինյանը ՀՀ արտաքին պարտքը 7 մլրդ դոլարի հասցնելով՝ երկրին սպառնացող վտանգ չի տեսնում
ՀՀ կառավարությունն այս տարի պատրաստվում է ավելացնել արտաքին պարտքը՝ հասցնելով այն 7 մլրդ դոլարի (արտաքին պարտքը մոտ 490 մլն դոլարի չափով կավելանա)։
Չնայած դրան, ԱԺ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ոչ մի վտանգ և սպառնալիք Հայաստանի համար չկա։
ԱԺ-ում թեմայի շուրջ հարցը նրան ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Վարչապետը նախ ծիծաղելով նկատեց, որ Ուրիխանյանը հարցը շատ թախծոտ տոնով է տալիս, ապա պատասխանեց։
«Ոչ մի վտանգ Հայաստանի համար, առավել ևս՝ սպառնալիք, չկա։ Բնակարանների գները կբարձրանան, բյուջեի եկամուտները՝ կաճեն։ Այս տարի մենք կհավաքենք, առնվազն, 40 միլիարդ դրամ։ Եվ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշները վկայում են, որ եկամուտները կաճեն»,- նշեց Փաշինյանը։
Նա նկատեց, որ բացի այդ ընթանում է նաև կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը ևս կարող է նպաստել եկամուտների աճին ու ստվերային տնտեսության կրճատմանը։
Փաշինյանի գնահատմամբ՝ ռիսկեր իհարկե կան, բայց Հայաստանը կհասնի տնտեսական խնդիրների լուծման։ Մեծ հաշվով նա այդ ռիսկերը կապում է գոլբալ իրավիճակների ու ճգնաժամի հետ: