Վարչապետը սթափության կոչ է արել բոլոր բուհերին․ Հովհաննիսյանը՝ «դուռը փակելու» մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը հավատացնում է՝ վարչապետի խոսքը մեկ բուհի չէր վերաբերում, բուհական համակարգին էր վերաբերում, երբ նա հայտարարում էր, թե ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը չի կարող մնալ իր պաշտոնում:
Եվ առհասարակ, Հովհաննես Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Փաշինյանի հայտարարությունը սխալ է ընկալվել։ Այդ մասին Հովհաննիսյանն ասաց լրագրողների հետ զրույցում։ Ըստ նրա «դուռը փակելը» ընդհանրական բնույթ է կրում։
«Դուռ փակելը վերաբերում է և՛ կրթության որակին, և՛ կրթական միջավայրին, և՛ տարիներ շարունակ եղած արատավոր պրակտիկաներին, որոնք բուհի ներսում գործել են: Թող որևէ մեկը չփորձի ինձ հակառակն ապացուցել, որովհետև ինքս բազմիցս ենթարկվել եմ այդպիսի ճնշումների»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ խոսքը մասնավորապես ԵՊՀ-ի մասին է և հավելեց․ «Երբ որևէ հարցազրույց կամ հոդված, որտեղ քննադատական միտք էր հնչում իշխանությունների հասցեին, միանգամից համապատասխան տեղերից զանգ էր գալիս բուհական ներքին օղակներ և նրանք ամեն անգամ խնդրում էին չանել դա, հարցազրույց չտալ, չքննադատել իշխանություններին: Ամեն անգամ չենթարկվելով, ամեն անգամ այդ զրույցները տեղի են ունեցել: Հիմա, երբ ասվում է չի եղել նման բան, ես դրա ականատեսն եմ եղել»։
Հովհաննես Հովհաննիսյանը չհամաձայնեց լրագրողների դիտարկմանը, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդում կա, քանի որ վարչապետը շեշտել էր, որ իր հայտարարությունը քաղաքական որոշում է:
«Վարչապետը սթափության կոչ է արել բոլոր բուհերին և դա պետք է ընկալեն նաև կրթական համակարգի մյուս խաղացողները, որ նախկինում եղած արատավոր պրակտիկան այլևս չկրկնվի, երբ կրթական համակարգը ծառայում էր մեկ կուսակցության շահին»,- ասաց նա: