«Ինչի՞ 80-100 տոկոսանոց վարկեր լինում են». Փաշինյանը տոկոսների չափի մասին տեղյակ չէ
2018 թ. հայաստանյան 17 բանկերը 49 մլն հարկ են վճարել,129 գրավատները` 140 մլն: Այդ մասին կառավարության նիստում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով գրավատների վարկավորման խնդիրները:
Արթուր Ջավադյանը հայտնեց, որ գրավատներում 50, 60 և մինչև 80-100 տոկոսով գրավադրումներ են ընդունել վարկավորման դիմաց:
«Ինչի՞, 80-100 տոկոսանոց վարկեր լինում են»,- անկեղծ զարմացավ Փաշինյանը և հավելեց. «Ես որ մամուլի տեղեկանքները ստանում եմ, այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն ընկել է խեղճ ու կրակ լոմբարդների հետևից ու ուզում է փոքր ու միջին բիզնեսը սպանել»:
Փաշինյանը եզրահանգեց, որ, փաստորեն, երբ գյուղացիները 50 տոկոսանոց վարկերի մասին են խոսում, խոսում են ո՛չ թե բանկերի, այլ լոմբարդների մասին, ինչին Արթուր Ջավադյանն արձագանքեց. «Դրա համար, երբ որ բոլորը խոսում են, որ լոմբարդները ՓՄՁ-են, մենք դրա հետ այնքան էլ համաձայն չենք»:
Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով՝ 60 անգամ ավելանալու է գրավատների և փոխանակման կետերի տարեկան պետական տուրքը: Գրավատների համար գործող 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, տարադրամի փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք: