Փաշինյանը Հայաստանում դժգոհության ալիք չի տեսնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասարակության շրջանում հասունացող դժգոհության ալիք չի տեսնում։
«Առաջիկա 5 տարվա ընթացքում կտեսնենք՝ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք կա՞, թե՞ չկա»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։
Նա նկատեց, որ աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ ընտրություններից 3 ամիս անց, վարչապետին հարցնեն, թե կա՞ դժգոհության հասունացող ալիք, թե՞ ոչ։ Նա նկատում է, որ իր ղեկավարած քաղաքական ուժն ազատ ու արդար ընտրություններում հաղթել է, և ոչ ոք այսօր այդ մասին չի ասում։
«24 տարի, ամեն ընտրությունից հետո, իշխանությունը թուք ու մուր էր ստանում և ասում՝ դե գիտեք ինչ, դա մեր ժողովրդի մենթալիտետն է, կառավարությունը լավն է, իսկ ժողովուրդը սիրում է կաշառք վերցնել։ Հիմա ոչ ոք չի ասում՝ էդ ի՞նչ եղավ, էդ ի՞նչ կախարդական փայտիկ էր, որ միջազգային հանրությունը ՀՀ ընտրությունները օրինակելի ու արդար է համարում․․․ հիմա ասում եք՝ ժողովուրդը չի վստահում, մոնիթորինգ արե՞լ եք՝ մոնիթորինգը դա արդար ու թափանցիկ ընտրություններն էին»,- ասաց Փաշինյանը։
Նրա գնահատմամբ, Հայաստանում ներքաղաքական իրավիճակն այնքան կայուն չի եղել, որքան այսօր։ Ավելին՝ Փաշինյանը վստահ է՝ եթե այսօր ընտրություններ լինեն, ապա «Իմ քայլը» ավելի շատ ձայն կհավաքի, քան նախորդ ընտրության ժամանակ։