Ավշարցիներին խաբել են․ նրանք տնօրենի հրաժարականի պահանջով փակել են ճանապարհը (տեսանյութ)
NEWSPRESS.am-ը հայտնել էր, որ երեկ Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ են արել։
Նրանք դժգոհ են նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանից, ով տնօրենի պաշտոնն ստանձնելու հենց հաջորդ օրն աշխատանքից ազատել է դպրոցի ուսմասվար, սիրված ուսուցչուհի Գայանե Մարտիրոսյանին։ Տնօրենը նաև հայտարարել է, թե նրա փոխարեն իր վստահելի մարդուն է բերելու, ով, ավշարցիների խոսքով, մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է։
Տեսնելով ավշարցիների վրդովմունքը՝ տնօրենը որոշել է հրաժարական տալ և գնացել է մարզպետարան, սակայն մինչ ուսուցիչներն ու ծնողներն իրենց հաղթանակն էին տոնում, պարզվել է՝ Հերմինե Անդրեասյանը ոչ թե հրաժարական է տվել այդ ընթացքում, այլ պարզապես արձակուրդ է ձևակերպել (հիվանդաթերթիկ է բացել)։
Այսօր արդեն ավշարցիները փակել են ճանապարհը և ավելի վճռական պահանջում են տնօրենի հրաժարականը։