Ոչ մի իշխանություն լիազորված չի լինելու հող հանձնելու. Արշակ Զաքարյան
Ինչպես կարելի է խաղաղություն սպասել մի ցեղատեսակից, որն ամեն անգամ ապացուցում է, որ նույնն է: Հենց խոսում ենք խաղաղության մասին, նրանք սկսում են մեզ կոտորել: Այդ մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով «Հողեր չունենք տալու» կարգախոսով քայլերթ-հանրահավաքի կազմակերպիչն է:
«Դրա համար մենք այսօր հավաքվել ենք այստեղ մեր խոսքն ու կարծիքն ասելու: Մենք հայ ազգի անունից ենք խոսում և ասում ենք, որ ոչ մի իշխանություն լիազորված չի լինելու ազատագրված հողերը, և դեռ հողեր ունենք ազատագրելու, լիազորված չէ որևէ բանակցության ընթացքում այդ հողերը հանձելու, զիջելու: Մենք մեր զիջումներն արել ենք, մենք մեր հողերի 90 տոկոսը զիջել ենք օտարին»,- նշեց Զաքարյանը:
Նա շեշտեց, որ իրենք դիմում են ոչ միայն այսօրվա, այլև վաղվա վարչապետին և հաջորդ բոլոր իշխանություններին, որ նրանք, երբ գնում են բանակցությունների և այդ հարցն իրենց առաջ դրվում է՝ իմանան, որ հայ ազգն այդ հացի հետ երբեք չի հաշտվելու և նրանցից ոչ մեկը լիազորված չի լինելու, հող հանձնելու հարց քննարկել:
«Եթե վարչապետն այդպես է մտածում, ապա շատ ապրի վարչապետը, ուրեմն այս ամբողջ ժողովուրդը վարչապետի մեջքին կանգնած է: Որևէ վարչապետ, նախագահ, թագավոր՝ լիազորված չի լինելու այդ հարցով բանակցել մեր թշնամիների հետ: Մնացած ամեն ինչի մասին կարող են խոսել»:
Հարցին, թե հատկապես ինչո՞ւ է այսօր արվում հանրահավաքը, Զաքարյանը պատասխանեց. «Էսօր 20-րդ դարի երկրորդ հայկական ցեղասպանության օրն է՝ փետրվարի 26-ը: Էս օրը Սումգայիթում հայերի վրա հայ լինելու համար հարևանները հարձակվեցին, նույն թաղում ապրող մեծերը, երեխաները մորթեցին իրենց հարևաններին՝ ընդամենը հայ լինելու համար»:
Դիտարկմանը, թե մեր իշխանությունները նշում են, որ հողերի հարցը հանրաքվեով պետք է լուծվի, Զաքարյանը բերեց հակափաստարկ, թե ադրբեջանցիներն իրենց փախստականների հարցն օրակարգում են պահում, մինչդեռ մենք մեր փասխտականների մասին մենք մոռացել ենք: Նա հարց ուղղեց՝ համաձա՞յն եք՝ իրենք իրենց 1 մլն-ին բերեն ու Արցախի 144 հազար բնակչությունը, հանրաքվե անեն. «Մենք ասում ենք, որ դա սուտ օրակարգ է: Մեր էսօրվա կարգախոսը սա է՝ արցախցին ես եմ, որոշողը ես եմ: Որովհետև այս մարդիկ (մատնացույց է անում Ազատության հրապարակում հավաքվածներին,-հեղ.) 90 տոկոսը ծնված լինելով Գյումրիում, Լոռիում, Դիլիջանում, արյուն են թափել Արցախի համար: Արցախցին նույն հայն է, մենք ենք, որոշողն էլ մենք ենք: Մեր զոհված որդիները, եղբայրներն Արցախի հարցը լուծել են դեռևս 1994 թվականին, զիջումներն էլ արվել են 94 թվականին: Մենք խոսում ենք փոխզիջումների մասին, փոխզիջումների մեր մասը մենք արել ենք, մի հատ էլ արեցինք 2016 թվականին, էլ չունենք զիջելու: Հիմա թե էնտեղ կբանակցեն, թե ախպերավարի զրույց կանեն, թե լիֆտում կզրուցեն՝ արդեն քաղաքականություն ա, թող դրանով զբաղվեն քաղաքական գործիչները»,- եզրափակեց ակցիայի կազմակերպիչը: