Կապիտալի արտահոսքը Հայաստանից ռեկորդային չափերի է հասել
Մինչ Փաշինյանը մարզերում տնտեսական համաժողովներ է անցկացնում, Կենտրոնական բանկը հրապարակում է մի վիճակագրություն, որը, մեղմ ասած, խիստ մտահոգիչ է։
Այսպես, ՀՀ ԿԲ հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2018 թվականին ֆիզիկական անձանց կողմից բանկերի միջոցով Հայաստանից դուրս է բերվել ավելի քան 1,18 միլիարդ ԱՄՆ դոլար։ Սա 2004 թվականից ի վեր Հայաստանից կապիտալի ամենամեծ արտահոսքն է, իսկ մինչ այդ 1,12 միլիարդ դոլար հանվել էր 2008-ին։ Մոտավոր հաշվարկներով՝ 2018-ի ընթացքում, միջինը՝ ամեն ամիս Հայաստանից տարվել է ոչ պակաս, քան 90 միլիոն դոլար, այն դեպքում, երբ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմում էր ամսական 78 միլիոն դոլար։
Կապիտալի արտահոսքը հատկապես մեծ է եղել հոկտեմբեր-դեկտեմբերին՝ ամսական մոտավոր 120 միլիոն դոլար։ Այս ամենը վկայում է մի բանի մասին՝ տնտեսական հեղափոխության մասին խոսելն արդեն ոչ թե անիրական է, այլ նաեւ՝ ուտոպիզմ։ Չի կարող կապիտալը մնալ այն երկրում, որտեղ փռում են ասֆալտին, ծեփում պատերին, խոսում կուլակաթափության, մեղավորության կանխավարկածի մասին։ Բիզնեսը սիրում է կայունություն։ Բիզնեսը սիրում է ներդրումների դարձելիություն, երաշխիքներ, կապիտալի ապահովություն։ Հայաստանում այդ ամենը չկա։ Ու այստեղ արդեն լրիվ բովանդակազրկվում են Փաշինյանի հայտարարությունները՝ ներդրումներ ներգրավելու մասին։
Եվ սա դեռ սկիզբն է, քանի որ եթե, օրինակ, «Լիդիան Արմենիա»-ի հարցը չլուծվի, ապա Հայաստանից կապիտալի արտահոսքին կգումարվեն նաեւ միջազգային դատարանների վճիռները եւ տույժ-տուգանքները, որոնք պարզապես Հայաստանի համար կլինեն կատաստրոֆիկ։