Yandex տաքսին բարձրացրել է վարորդներից գանձվող տոկոսները. նրանք մեքենաներով բողոքի ակցիա են սկսում ընկերության գրասենյակի մոտ
Տաքսի ծառայություններ մատուցող Yandex ընկերությունն, առանց վարորդներին զգուշացնելու, բարձրացրել է նրանցից գանձվող տոկոսները: Այդ մասին NEWSPRESS.am-ին հայտնեցին տաքսի ծառայության վարորդները:
«Մեզ նույնիսկ չեն զգուշացրել: Երեկվանից գործող տոկոսը դարձել է 14-15: Նախկինում 10-11 տոկոս էր: Այս պահին փորձում ենք հավաքվել բոլոր վարորդներով, թող երկու ժամ էլ տաքսի չլինի: Չնայած մի քանի տասնյակ հազար Yandex քշող կա, բոլորին ֆիզիկապես չենք կարող տեղյակ պահել: Գոնե ձեր միջոցով կարողանանք տեղեկացնել, թող գան Ռոսիայի հետնամաս՝ Խորենացի փողոց՝ իրանց գլխավոր գրասենյակն էնտեղ ա»:
Վարորդները դժգոհություն հայտնեցին, որ նախ գազի (բենզինի), մեքենայի հետ առաջացող խնդիրների ողջ հոգսն իրենց ուսերին է, գումարած տոկոս են տալիս. «Ամբողջ օրը քշում ենք, օրվա հաց հազիվ է դուրս գալիս»:
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ դուրս չեն գալիս ծառայությունից և որպես անհատ տաքսի պատվերներ ընդունեն և աշխատեն, վարորդները նկատեցին, որ այդ կերպ ժամերով պատվեր չի լինում և բացարձակ ձեռնտու չէ: