Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են. Ավինյանը չբացառեց գազի գնի վերանայումը
Գազի գնի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են և որևէ նոր բան այս պահին չեմ կարող ասել: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ գործում են այն պայմանավորվածությունները, որոնց մասին իրենք արդեն իսկ խոսել են:
Հարցին թե «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածություններն ինչ փուլում են, իրենք ինչի՞ հաշվին են այս ընթացքում սուբսիդավորելու գազի գինը, որպեսզի այն չբարձրանա սպառողների համար, Ավինյանը պատասխանեց. «Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է սպառողների համար ներքին, միջին գինը: Եվ այդ կոմպոնենտների և նաև օպտիմալացման հաշվին, կոմպոնենտների վերահաշվարկի, վերագնահատման, կորուստների վերանայման հաշվին: Տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման և ես կարծում եմ, որ մենք կգտնենք կոնկրետ այն կետերը, որտեղ այդ օպտիմալացումը հնարավոր է»:
Ճշգրտող հարցին, թե մեկ տարի ժամկետը ֆիքսվա՞ծ է, թե՞ կարող է պատահել նաև այնպես, որ, ասենք, տարվա կեսից ընկերությունը հայտնի, որ այլևս չի կարող սուբսիդավորել, Ավինյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ բանակցություններն ընթացքի մեջ են, և նոր տեղեկություն լինելու դեպքում հասարակությունը կիրազեկեն: