Սահմանադրական կարգը տապալվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի կողմից. փաստաբան
Հանրապետության նախագահն անձեռնմխելի է. այն նորմով, որով մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տեղին չէ և ընդհանրապես դա փաստաթուղթ չէ:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը և հավելեց, որ իրենք պահանջում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:
Ռուբեն Սահակյանը հիշեցրեց երեկ՝ հունվարի 28-ին բանակի տոնի առթիվ «Եռաբլուրում» գտնվող՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի միտքն այն մասին, որ Սահմանադրական կարգի տապալման հոդվածը ծիծաղելի է:
«Էնքան խելացի միտք ասաց, բայց նրան բանավեճի են կանչում, է, թող փաստաբանին կանչեն»,-ասաց Ռուբեն Սահակյանը՝ նշելով, որ ինքը պատրաստ է բանավեճի:
Փաստաբանն անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործողություններում բանակի ներգրավվածության հարցին: Նա պնդեց, որ բանակին հանձնարարվել է կանգնել և պահպանել պետական կառույցի շենքերը:
Չանդրադառնալով մյուս մանրամասներին, որոնք գործի գաղտնիությունից են բխում, Ռուբեն Սահակյանը նկատեց, որ իրեն՝ որպես Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբանի, մի բան է ակնհայտ. այն, ինչ ներկայացվում է նրան, իրավական տգիտություն է:
«Սահմանադրական կարգ տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի կողմից, բայց քանի որ 2009 թվականին փոփոխություն մտավ քրեական օրենսգրքում՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց»,-նշեց փաստաբանը: