Կարգին Հայկոն քաղաքապետի դերի մեջ չի մտնում․ էքստրիմալ երթևեկությունը՝ «նոր ֆիլմի սյուժե»
«Առնվազն երկու տարի ժամանակ է պետք տրանսպորտային ցանցը Երևանում ամբողջությամբ փոխելու համար»։ Սա Երաևնի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունն է։ Թեև նա մինչև քաղաքապետ դառնալը հայտարարել էր, թե առաջինը լուծելու է «գազելների» հարցը, և քաղաքում ոչ մի «գազել» չի լինելու, սակայն եղավ ինչպես միշտ՝ նախընտրական շրջանում տված խոստումը շատ արագ մոռացվեց։ Այսօր արդեն պարզվում է, որ 3 տարուց շուտ երթևեկությունը չի վերականգնվի։
Ավելին՝ քաղաքում երթևեկում են շարքից դուրս եկած գազելներ, որոնց շահագործումը վտանգավոր է։ Բայց քանի որ այլընտրանք չկա․․․
NEWSPRESS.am-ի թղթակիցը Կոմիտասի պողոտայի վրա ֆիքսել է բաց դռնով ընթացող գազել։ Ընդ որում, հենց դռան մոտ եղել է անչափահաս երեխա։
Իհարկե, այստեղ մեղքի մեծ բաժին է ընկնում նաև ոստիկանության ուսերին, որոնց ամենաթողության հետևանքով գազելները երթևեկում են բաց դռներով։ Էլ չենք խոսում, որ երբեմն կայանում են արգելված վայրում, կամ ուղևոր են վերցնում փողոցի մեջտեղում։
Տրամաբանական է, որ եթե կարգազանցները մեկ անգամ տուգանվեն՝ այլևս նման բան չեն անի։ Սակայն ունենք այն, ինչ ունենք․․․
Քաղաքապետը մոռացել է իր խոստումները, իսկ ոստիկանն էլ «մերն է»՝ չի տուգանում, ու անտեր թողնված երթևեկությունը կաթվածահար է լինում՝ վտանգելով շարքային քաղաքացիների կյանքը։
Գուցե կարգին Հայկոյի համար վերոհիշյալ էքստրիմալ տեսարանը դառնար նոր ֆիլմի սյուժե, սակայն սա այդ դեպքը չէ․ նա այլևս քաղաքապետ է ու պետք է մտնի քաղաքապետի դերի մեջ, որպեսզի հասկանա՝ ուղևորները չեն կարող երթևեկել էքստրիմալ պայմաններում։