Իրեն արտոնյալ համարողը. Մալաթիա-Սեբաստիայի թաղապետը զլանում է մաքրել մայթերի սառույցները (տեսանյութեր)
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում դեռ կան մայթեր, որոնք սառցապատ են։
Թեև Երևանում ձմեռը, կարելի է ասել, մի քանի օր տևեց, սակայն որոշ թաղամասերում դեռևս կան սառցապատ մայթեր, որոնք սահադաշտ են հիշեցնում։ Մասնավորապես Րաֆֆու փողոցի մայթերի որոշ հատվածներ այդպես էլ չեն մաքրվել։ Իսկ այդ հատվածներն այդ շրջանում նույնիսկ կենտրոնական են համարվում:
NEWSPRESS.am-ի թղթակիցն ականատես է եղել սառած ու լույսից շողացող մայթերի տեսարաններին։
Հարկ է նկատել, որ մայթերի մաքրման աշխատանքները, սովորաբար, վերապահված են տվյալ տարածքում գործող օբյեկտների տերերին։ Այսինքն՝ յուրաքանչյուրն իր օբյեկտի մուտքի հատվածում մաքրում է տարածքը։ Ստացվել է այնպես, որ որոշակի մի հատվածի վրա օբյեկտներ չկան։ Այս դեպքում արդեն մաքրման աշխատանքի ողջ պատասխանատվությունն ընկնում է թաղապետարանի վրա, սակայն սառցապատ մայթերն անտեսվել են վերջինիս աշխատակիցների կողմից։
Ի դեպ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է Դավիթ Կարապետյանը, ով ըստ շրջանառվող լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հովանավորությամբ է հայտնվել այդ «պոստին», քանի որ Աննա Հակոբյանի բարեկամի մտերիմ ընկերն է։
Դե ի՞նչ, այս պարագայում արդեն պարտավորություններն ու խոստումները մղվում են հետին պլան ու գրվում մայթերի սառույցին․ ծանոթ-բարեկամով հավաքվել ու աշխատավարձ են ստանում՝ չարած աշխատանքի դիմաց։ Իսկ ավելի կոնկրետ՝ վարձատրվում են քայլ անելու համար։
Հ.Գ. Նկարահման պահին նույնիսկ մի երիտասարդ սայթաքում է սառույցին ու փրկվում ընկնելուց: Իսկ փոխարենը թաղապետարանը «ջահել-ջուհուլներով» լցրած թաղապետը ոտքը ոտքին գցած՝ հրամաններ արձակելու ու այլոց չաշխատելու մեջ մեղադրելու մեծ տաղանդ ունի: Դրան դեռ կանդրադառնանք: