Բարդույթներով տառապող Լենա Նազարյանին ճնշում է շարքային ընդդիմախոս Լենա Նազարյանի անցյալը (տեսանյութ)
Այսօր, Ազգային ժողովում, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հրաժարվել է հեռախոսներով հարցազրույց տալ։ Այս մասին լրագրողներից մեկը գրառել է ֆեյսբուքյան իր էջում՝ ակտիվ հղում անելով (թեգելով) նաև Լենա Նազարյանին։
Իհարկե, Լենա Նազարյանի վերաբերմունքը հեռախոսներով նկարահանվելու նկատմամբ, զարմանալի է։ Ավելի տրամաբանական կլիներ, եթե նա ընդհանրապես հրաժարվեր նկարահանվելուց: Սա գուցե այդչափ չվրդովվեցներ լրագրողներին։
Բայց խնդիրն այն է, որ նա կատեգորիկ որոշել է՝ անհատական հարցազրույցներ հեռախոսային տեսագրությամբ չի անելու։ Նազարյան Լենան այդպես գրառել է հենց լրագրողի ֆեյսբուքյան գրառման ներքո․
Եվ սա այն նույն Լենա Նազարյանն է, ով դեռ մի քանի ամիս առաջ իսկապես կխնդրեր նկարահանվել ցանկացած որակի հեռախոսով, միայն թե իր ձայնը լսելի դառնար հանրությանը։ Իրենց մեկնաբանություններում այս փաստն արդարացիորեն նկատել են նաև շատ լրագրողներ։ Նազարյանը չի պարզաբանում, թե ինչու է նման «խտրականություն» դնում տեսանկարահանող սարքերի միջև, հատկապես, որ այսօր շատ հեռախոսներ իրենց որակական հատկանիշներով ո՛չ միայն չեն զիջում շատ տեսախցիկների, այլև ավելի լավ են նկարում, հեռախոսներով մինչև անգամ տեսաֆիլմեր են նկարահանվում։
Դժվար է ասել՝ սա ավելի շատ տեսախցիկն ավելի պատվաբեր համարող նոր իշխանություն մտած անհատի կապրի՞զ է, թե՞ ինչ-ինչ բարդույթներով տառապաող անձի կամակորություն, ով վախենում է տգեղ երևալուց, բայց ակնհայտ է, որ ցանկացած մարդու խոսքի բովանդակությունը տեսագրության որակի հետ ոչ մի կապ չունի։ Եվ ոչ ոք որակին չի նայում, երբ խոսքը իմաստուն է, դիպուկ և տեղին։
Նազարյանը երևի արդեն մոռացել է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժումը թերևս հաջողություն չգրանցեր, եթե չլինեին ֆեյսբուքյան լայվերն ու հեռախոսային տեսագրությունները, որոնց միջոցով նախաձեռնող խմբի անդամները, այդ թվում նաև ինքը, անմիջական կապի մեջ էին մտնում ժողովրդի հետ, և նկարահանվում տարբեր իրավիճակներում։
Այստեղ թերևս կա մեկ բացատրություն՝ սա քաղաքական դաշտում զբաղեցրած դերային կոնֆլիկտ է․․․
Այլևս իշխանավոր Լենա Նազարյանին ճնշում է շարքային ընդդիմախոս Լենա Նազարյանի անցյալը, և այդ Լենա Նազարյանի հետ նույնացվելու վախը։ Նա հավանաբար ինքն էլ զարմացել է կատարվածից, և չի կարողանում դեռևս մարսել ճակատագրի կողմից իրեն սկուտեղի վրա մատուցված պարգևը։ Հավանաբար, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նման, Լենա Նազարյանն էլ մինչև պաշտոնին անցնելը չէր հավատում հրաշքներին, ու հիմա նրան թվում է, թե երազի մեջ է։ Նա հրաժարվում է բոլոր այն սովորություններից, որոնք կարող են ինչ-որ ձևով կապել իրեն նախկին Լենայի հետ։ Թերևս նա իրեն «իր ափսեի մեջ չի զգում» ու հիմա ինքն իր դեմ պայքարի է դուրս եկել։
Մինչդեռ խնդիրը ո՛չ թե հեռախոսներով նկարահանվել-չնկարահանվելու մեջ է, այլ գործով ցույց տալու, որ արժանի է այն աթոռին, որի համար քվե է ստացել։ Հակառակ դեպքում, անցյալը՝ վատ երազի նման՝ շարունակելու է հետևել Նազարյանին։ Թեև, մյուս կողմից էլ՝ անցյալի հետ կապը չի կարելի կտրել․ ինչպես ասում են՝ անցյալը կրկնվելու վատ սովորություն ունի, եթե նրան մոռանում են։
Ի դեպ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է սկսել հրաժարվել առավոտ-իրիկուն լայվ մտնելու՝ իր սովորությունից։
Իսկ հիշեցման կարգով, հրապարակենք շարժման օրերից մի հեռախոսային տեսագրություն՝ Լենա Նազարյանի մասնակցությամբ․
Արմինե Մկրտումյան