Զինվորը պարալիզացված է, չի կարողանում խոսել, Արծրուն Հովհաննիսյանն զինվորի վիճակն ախտորոշել է որպես սիմուլյանտություն. Ժաննա Ալեքսանյան
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգությամբ եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանը անօգնական վիճակում է։ Նա շտապ բուժօգնության կարիք ունի, նրան անհապաղ պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն շարունակում են պահել ռազմական ոստիկանությունում։
Զինվորը պարալիզացված է, չի կարողանում խոսել, գլուխը ցնցվում է։ Հոգեբանորեն խիստ ճնշված է։ Բանակ է զորակոչվել «թույլ մտավոր հետամնացությյուն ախտորոշմամբ»։
Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից։ Հարուցված է քրեական գործ։ Զինվորը տուժողի կարգավիճակ ունի։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, (ենթադրվում է նախարարի գիտությամբ), զինվորի վիճակը ախտորոշել է որպես սիմուլյանտություն, նույնիսկ հատուկ հայտարարություն է տարածել, ընդգծելով, որ այսպիսի զինվորները արատավորում են Հայոց բանակի անունը։
Մեկ օր առաջ զինվորին այցելել է մեր փաստաբանը, զինվորի վիճակն այնքան ծանր է եղել, որ ահազանգել է ՄԻՊ արագ արձագանքման խմբին՝ բուժ օգնություն տրամադրելու նպատակով։ Յուրիկ Բրոյանին տարել են Մուրացանի հոսպիտալ, ապա Կանազի և դարձյալ վերադարձրել ՌՈ․ Զինվորի կյանքը վտանգված է և նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է պաշտպանության նախարարության կոնկրետ պաշտոնատար անձինք, որոնք տեղյակ լինելով զինվորի վիճակի մասին, շարունակում են հալածանքների ենթարկել և միջոցներ չեն ձեռնարկում նրան առողջական վիճակի ուղղությամբ։
Կարծում եմ, որ ՊՆ խոսնակի նման հայտարարությունն ուղղակի ցուցում է զինվորի նկատմամբ այսպիսի վերաբերմունքի»։