Սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է
Կենդանիների ապօրինի որսը պետք է բացառվի ընդհանրապես։ ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
«Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ բնության պահպանության հարցում առանձնակի նախանձախնդիր վերաբերմունք և դիրքորոշում ենք ունենալու»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով Սևանա լճից սիգի որագողությանը՝ նա նկատեց, որ ստացել է զեկուցագիր այն մասին, որ Սևանա լճում սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է:
«Լուրերով էլ ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սևանի սիգ: Մենք արդեն այս հարցը քանի անգամ քննարկում ենք, այստեղ մենք պետք է իսկապես մտածենք երկարաժամկետ խնդրի լուծման մասին: Այդ լուծման մեթոդը կազմակերպական որոշակի լուծումների հասնելն է Սևանա լճում: Այն զեկուցագիրը, որ ես ստացել եմ, նշվում է մեր մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում՝ Բնապահպանության նախարարության, Ոստիկանության, «Սևան» ազգային պարկի»,- ընդգծեց Փաշինյանը:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ այս պահին որոշ քրեական գործեր կան հարուցված։ Նա քաղաքացիներին կոչ արեց գործի արդյունավետության համար ահազանգել։
Նրա կոչից հետո առաջին ահազանգողը եղավ հենց Փաշինյանը։
«Ես, ձեր կոչին հետևելով, ահազանգում եմ, որ Ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի, Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավարի հետ քննարկել եմ այդ թեման և կոնկրետ լուծումներ առաջարկել։ Ինչքան հասկացա, հիմա սիգի վերարտադրման համար կարևոր փուլ է, և կարծես այդտեղ շատ բան առնվազն չենք անում»։