Քոչարյանի հետ տեսակցելն արգելված է եղել, բայց նա հնարավորություն է ունեցել մարզադահլիճ այցելել․ փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տեսակցելն արգելված է եղել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը, մինչ դատական նիստի մեկնարկը։ Նրա խոսքով՝ միայն փաստաբաններն են կարողացել տեսակցել նրան։
Այն, որ թույլ չեն տվել Քոչարյանին սնունդ հանձնել, Օրբելյանի գնահատմամբ անձով պայմանավորված չէ։ Միևնույն ժամանակ փաստաբանը նկատում է, որ խնդրով դիմել են ՄԻՊ-ին։
«Ամենամեծ խնդիրը համակարգիչ տրամադրելուն է վերաբերում, երկրորդ խնդիրը՝ տեսակցությունների արգելքն է ընտանիքի անդամների հետ։ Այս առումով մենք տեսնում ենք ոչ թե մեկուսացման խնդիր, այլ պատժելու էլեմենտ, որը կարծում ենք, որ չի կարող տեղ գտնել ժամանակակից Հայաստանում»,-ասաց փաստաբանը։
Օրբելյանը նաև հույս հայտնեց, որ այսօր դատարանը որոշում կկայացնի։
Փաստաբաններից Հայկ Ալումյանն էլ նկատեց, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ գտնվեր։
«Մենք այդ հարցով դիմել ենք վճռաբեկ դատարան, բայց քանի որ դեռ պարզ չէ, թե դատարանը երբ այդ հարցին պատասխան կտա, միջանկյալ դիմել ենք առաջին ատյանի դատարան, որ գրավ կիրառվի, մինչև վճռաբեկ դատարանը պատասխան տա»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Քոչարյանի փաստաբանական խմբի ՍԴ դիմելուն, ապա Ալումյանը նկատեց, որ վերաքննիչ դատարանը չպետք է վարույթ ընդուներ գլխավոր դատախազի՝ վճռաբեկ բողոքը, քանի որ հնարավոր երկու հիմքերից որևէ մեկը չկար։
Փաստաբանները նաև հայտնեցին, որ Քոչարյանը պահվում է «Կենտրոն» ՔԿՀ ստանդարտ սենյակներից մեկում, մյուսների համեմատ պայմանները ոչ ավելի լավն են, ոչ ավելի վատը։ Երկրորդ նախագահը շարունակում է զբաղվել սպորտով, ու քանի որ սենյակի չափերը թույլ չեն տալիս նրան զբաղվել յոգայով կամ այլ սպորտով, ուստի հնարավորություն ունի օրվա ընթացքում մեկ ժամ անցկացնել մարզադահլիճում։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը քննում է գրավի դիմաց խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը։ Դեկտեմբերի 28-ին նշանակված դատական նիստն ընդհատվեց աշխատանքային օրը ավարտվելու պատճառաբանությամբ։