Նոր մանրամասներ՝ Հյուսիսային Կորեայում ամերիկացի ուսանողի մահվան դեպքից
ԱՄՆ-ի Կոլումբիայի նահանգական դատարանը որոշում է կայացրել ամերիկացի ուսանող Օտտո Ուորմբիերի՝ հյուսիսկորեական բանտից ազատվելուց հետո մահանալու գործով: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Դատարանը պարտավորեցրել է Հյուսիսային Կորեային՝ 51 միլիոն դոլար վճարել մահացածի ընտանիքին: Որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Հյուսիսային Կորեայում երիտասարդին անօրինական են ձերբակալել ու պահել բանտում, ինչպես նաև այն, որ տանջել են նրան:
Հիշեցնենք, որ երիտասարդ ուսանողը 2016 թվականին որպես ճանապարհորդ ժամանել էր Փհենյան, որից մի քանի օր անց նրան ձերբակալել էին, քանի որ նա քարոզչական պաստառ էր պոկել հյուրանոցի պատից: Տեղի դատարանը նրան 15 տարի տաժանակիր աշխատանքի էր դատապարտել, սակայն 17 ամիս անց Ամերիկային հաջողվեց ազատել իր քաղաքացուն և վերադարձնել տուն, որտեղ էլ նա մահացավ: