Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է․ ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀՀ ԱԳՆ-ն մշտապես իր օրակարգում է պահում տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման օրակարգը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Պետք է արձանագրենք, որ այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է»,-ասաց Նաղդալյանը՝ հավելելով, որ դա ՀՀ ԱԳՆ-ի համար սկզբունքային է՝ տարածաշրջանում սպառազինության մրցավազքը կանխելու հարցը։
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ այս հայտարարությունը չպետք է շփոթել կարողությունների պակասի հետ:
«ՀՀ Զինված ուժերն ունեն բարձր պատրաստվածություն, վճռականություն, ռազմատեխնիկական հագեցվածություն՝ երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու մասին հայտարարությանը, ապա ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը նույնն է՝ զենքի վաճառքը և մատակարարումն ուղղակիորեն նպաստում է դրա կիրառմանը և կիրառման սպառնալիքին, և մասնակից պետություններն այս առումով պետք է վերանայեն իրենց գործելաոճը։