Ասում են՝ հեղափոխությունը կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը. Փաշինյան
Վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը զարմացած է, թե ինչու Մարտի 1-ի գործով բացահայտումների հետ կապված «փոթորիկ չի լինում»։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպմանը՝ արձագանքելով այն հարցին, թե նախկինում հայտարարում էր, թե Մարտի 1-ի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, այնինչ նա անգամ չի հարցաքննվել:
Այս հարցադրումը բավականին վրդովեցրեց Նիկոլ Փաշինյանին: Նա մի քիչ ձայնի տոնը բարձրացնելով՝ արձագանքեց.
«Ասում եք՝ Սերժ Սարգսյանին ինչո՞ւ չեն բռնել, էս ի՞նչ հարցադրում ա, հիմա որ ասեմ՝ մյուս շաբաթ կբռնեն, կասեք՝ քննության նկատմամբ ճնշումներն սկսվեցին: Եվ նաև շեշտադրումներ են անում, ասում են՝ էս հեղափոխությունը կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը, նման բան ասողը հարգանք չունի սեփական հայրենակցի նկատմամբ, ավելի անհարգալից վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ չի կարելի պատկերացնել: Այսինքն էն միլիոնավոր մարդիկ մարիոնետնե՞ր էին, հա՞»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ նման բան ասողները կամ շատ տխուր են, որ դիակներ չեն փռվել, և կամ էլ իրականությունը չեն ընկալում:
«Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ չէ, ես որևէ մեկին բռնելու խնդիր չեմ դրել, որ ասեմ՝ սրան բռնենք, նրան բռնենք»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի հարցում իր վերաբերմունքը չի փոխվել: