Չեմ կարծում, թե կարմիր գծերն ու արագաչափերը հանելով՝ հետևանքները տխուր կլինեն․ Միքայել Մելքումյան
Հանրությունն այսօր մեզնից սպասում է արմատական լուծումների: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Հետհեղափոխական շրջանում իմ կրեդոն հետևյալն է՝ հեռու մնալ պոպուլիզմից, բայց նաև այնպիսի քայլեր անել, որոնք առանց բալանսը խախտելու, առանց հանային հավասարակշռությունը խախտելու կարող են դրական մեսիջներ ու իրավիճակներ ստեղծել հանրության համար»,- ասաց պատգամավորը:
Դիմելով փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին՝ Մելքումյանն ասաց, որ ինքը չի կարծում, թե կարմիր գծերն ու արագաչափերը հանելով՝ հետևանքները տխուր կլինեն. «Ես կարծում եմ, որ հետևանքները լինելու են նորմալ, ժամանակն է սոցիալական լարվածությունը թուլացնելու, և դա կարևորագույն գծերից մեկն է: Ես հավատում եմ, որ կարմիր գծերը, արագաչափերը հանելը կտա սոցիալական լուրջ էֆեկտ, և այդ էֆեկտն ավելի մեծ է լինելու, քան այն պրոբլեմը, որ ենթադրում ենք, որ կունենանք»: