Միշտ հրում վարժությունից եմ տուժում, հիմա ուժեղացրել եմ. Աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը՝ տպավորություններով
Թուրքմենստանում ընթացող Աշխարհի առաջնությունում 109+ կգ քաշային կարգում փոխչեմպիոն դարձած Գոռ Մինասյանն ավելացրել է իր անձնական քաշը, ինչի արդյունքում ավելացրել է նաև հրում վարժությունում բարձրացվող քաշը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում տեղեկացրեց Աշխաբադից վերադարձած ծանրամարտիկը:
«Դա շատ կարևոր է ինձ համար, որովհետև միշտ հրում վարժությունից էի տուժում: Հիմա հրում վարժությունն արդեն ուժեղացրել եմ»,- ասաց Աշխարհի փոխչեմպիոնը, ով նկատեց, որ չեմպիոն դարձած՝ վրաց մարզիկ Լաշա Տալախաձեն իրենից շուրջ 20 կիլոգրամով ավելի է կշռում:
Մինասյանը նշեց, որ այս առաջնության ժամանակ ինքը նաև անձնական ռեկորդ է սահմանել, քանի որ մինչ այդ, հրում վարժությունում անձնական ռեկորդը եղել է 241 կգ:
Խոսելով առաջնության մասին ընդհանրապես ու նվաճած մեդալի մասին՝ մասնավորապես, աշխարհի արծաթե մեդալակիրը նշեց. «Աշխարհի առանջության մեդալն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սպորտսմենի համար՝ շատ լավ: Հիշվող, հետաքրքիր առաջնություն էր, շատ լավ կազմակերպված, ամեն ինչ շատ լավ և մեր պլանավորածի պես ընթացավ»:
Անդրադառնալով Սիմոն Մարտիրոսյանի՝ Աշխարհի չեմպիոն դառնալուն ու ռեկորդներ սահմանելուն, Գոռ Մինասյանը նշեց. «Իհարկե, ոգևորում է, երբ թիմակիցդ, ընկերդ Աշխարհի չեմպիոն է դառնում: Ամեն օր չէ, որ Աշխարհի չեմպիոն են դառնում ու 3-4 ռեկորդ են սահմանում: Ոգևորում է միանշանակ»: